Գերիների ընտանիքները տեղեկացել են ազատ արձակման մասին լրատվամիջոցներից

Այսօր, հունվարի 14-ին, Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 4 հայ գերիների։ Դրանց թվում են Դավիթ Դավթյանը, Գևորգ Սուջյանը, Վիգեն Էուլջեքչյանը և Վագիֆ Խաչատրյանը։

Ազատ արձակվածների հարազատներն ու մտերիմները տեղեկացել են իրենց հարազատների վերադարձի մասին զանգվածային լրատվամիջոցներից և սոցիալական ցանցերից։

Լիբանանում բնակվող «Պայքար» շաբաթաթերթի աշխատակից Բայդզիգ Քալաջյանը, որը մտերիմ է Վիգեն Էուլջեքչյանի ընտանիքի հետ, լուրն իմացավ լրատվական կայքից։ Նա անմիջապես կապ հաստատեց Վիգենի կնոջ՝ Լինդա Էուլջեքչյանի հետ։ Կինը շատ հուզվեց և ասաց, որ եթե լուրը ճիշտ է, ուրախությունից սիրտը կկանգնի։ Լինդա Էուլջեքչյանը պատրաստ է առաջին հնարավորության դեպքում Լիբանանից գալ Երևան։

Գևորգ Սուջյանի կինը՝ Լիլիթ Սուջյանը, տեղեկանալով կատարվածի մասին, սոցցանցում կարճ գրառում է արել՝ «Ճի՜շտ ա, ճի՜շտ ա, փա՛ռք Տիրոջը»։

Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը, հարցազրույցի ընթացքում խոստովանել է, որ տեղյակ չի եղել հոր վերադարձի մասին։

Հիշեցնենք, որ Գևորգ Սուջյանը և Դավիթ Դավթյանը առևանգվել ու գերեվարվել էին 2020 թվականի նոյեմբերի 11-ին Բերձոր-Շուշի ճանապարհով մարդասիրական օժանդակություն մատակարարելու ընթացքում։ 2021 թվականին նրանք 15 տարվա ազատազրկման էին դատապարտվել։

Վագիֆ Խաչատրյանը առևանգվել ու գերեվարվել էր 2023 թվականի հուլիսի 29-ին Լաչինի միջանցքի ապօրինի ադրբեջանական անցակետի մոտակայքից։ Նրան 2023 թվականին 15 տարվա ազատազրկման էին դատապարտել։

Վիգեն Էուլջեքչյանը առևանգվել ու գերեվարվել էր 2020 թվականի նոյեմբերի 10-ին Շուշի քաղաքի մոտակայքում։ Նրան 2021 թվականին 20 տարվա ազատազրկման էին դատապարտել։