Երևան-Կապան ուղղությամբ կանոնավոր չվերթներ իրականացնող L-410 ինքնաթիռը տեխնիկական սպասարկումից հետո վերադարձել է Հայաստան։
Ինքնաթիռը կկարողանա չվերթերը վերսկսել, երբ ավիաուղղությունը սպասարկող «Նովէյր» ընկերությունը վերականգնի իր շահագործողի վկայականը։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հոկտեմբերի 27-ին կայացվել էր լիցենզիայի կասեցման որոշում՝ 6 ամիս ժամկետով, որը գործում էր մինչև 2026 թվականի ապրիլի 27-ը։ Այս որոշումը կայացվել էր այն պատճառով, որ միակ ինքնաթիռը տեխնիկական սպասարկման նպատակով ուղարկվել էր Չեխիա։
Երևան-Կապան կանոնավոր ավիահաղորդակցությունը գործարկվել էր 2023 թվականի օգոստոսի 21-ին։ Չվերթերն իրականացվում էին L-410 UVP E20 ինքնաթիռով, որը նախատեսված է 17 ուղևորի համար։ Տոմսի արժեքը կազմում էր 20 հազար դրամ։
2025 թվականի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Երևան-Կապան չվերթերը ժամանակավորապես դադարեցվում են միակ օդանավի տեխնիկական սպասարկման պատճառով։