Ըստ Լավրովի՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի համար Հարավային Կովկասը ոչ այլ ինչ է, քան Ռուսաստանին վնասելու պոտենցիալ «ցավոտ կետ»

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը չի ենթադրում կողմնորոշում դեպի հակառուսական դաշինքներ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

«Մենք ելնում ենք այն դրույթից, որ Հայաստանի ղեկավարության արտաքին կապերի դիվերսիֆիկացման գիծը չի ենթադրում ավանդական դաշնակիցների հետ համագործակցության դադարեցում, կողմնորոշում դեպի այն միավորումներ և դաշինքներ, որոնք ցանկանում են մեր երկրին ռազմավարական պարտություն հասցնել», – նշել է նախարարը։

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի տեղեկությունների՝ Մոսկվայում վստահ են, որ Հարավային Կովկասի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, հասկանում են, որ Արևմուտքի՝ Բրյուսելի և Վաշինգտոնի՝ իբրև բարի մտադրությունների հետևում սառը հաշվարկ է։ Ռուսաստանի տեսակետով՝ տվյալ տարածաշրջանը, որը պատմականորեն և անքակտելիորեն կապված է Ռուսաստանի հետ, ոչ այլ ինչ է, քան պոտենցիալ «ցավոտ կետ», որի վրա ճնշում գործադրելով կարելի է փորձել վնասել Մոսկվային։

Սերգեյ Լավրովը նաև ընդգծել է, որ Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունները հիմնված են պատկառելի իրավապայմանագրային բազայի վրա, որն ամրագրում է դաշնակցային կարգավիճակը։ Նա նշել է, որ ժողովուրդներին միավորում են դարավոր բարեկամությունը, ընդհանուր պատմությունը, քաղաքակրթական և աշխարհայացքային մտերմությունը։

«Մենք արդյունավետ փոխգործակցում ենք եվրասիական տարածքում ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակում։ ԵԱՏՄ-ին անդամակցությունը Հայաստանին բերում է իրական, շոշափելի օգուտներ։ Միության գլխավոր առավելություններից մեկը հարցերի լուծումն է՝ հենվելով քաղաքական կոնյունկտուրային չենթարկվող փոխադարձ հարգանքի և անդամ երկրների շահերը հաշվի առնելու սկզբունքի վրա», – նշել է նախարարը։

Նա հավելել է, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ բոլոր իրավունքներով և պարտականություններով, և Մոսկվայում գերիշխում է այն դիրքորոշումը, որ Երևանը լիարժեք մասնակցություն կունենա կազմակերպության աշխատանքներին, քանի որ այն երկրի անվտանգության անբաժանելի մասն է։

Լավրովը նաև ընդգծել է Ռուսաստանի դերը որպես Հայաստանի առանցքային և հուսալի առևտրա–ներդրումային գործընկեր, երկրի պարենային և էներգետիկ անվտանգության երաշխավոր։ Ըստ նրա՝ ռուսական ռազմաբազան և ռուս սահմանապահները հանդես են գալիս որպես Հայաստանի և ողջ Հարավային Կովկասի անվտանգության առանցքային տարրեր։