Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ կապերի պահպանմամբ

Հայաստանը չի պատրաստվում ձեռնարկել որևէ քայլ Ռուսաստանի դեմ, և Հայաստանում այլ ընկալում չկա։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում։

«Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ կապերով, և Հայաստանում այլ ընկալում չկա։ Միաժամանակ, հասկանալի պատճառներով, մենք պատերազմի ավարտի առաջին օրերից փորձում ենք կարգավորել իրավիճակը մեր տարածաշրջանում, և, ըստ իմ գնահատականի, դա մեզ մոտ վատ չի ստացվել», – ասել է ԱԺ նախագահը։

Նրա խոսքով՝ Երևանն ու Բաքուն բավական առաջ են գնացել այս հարցում, և մոտ ապագայում նախատեսվում է խաղաղության պայմանագրի ստորագրումը, ինչը կարևոր է երկու երկրների ապագայի համար։

Ալեն Սիմոնյանը նաև նշել է, որ ինքը՝ Լավրովը, իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ քննարկում է այդ հարցերը, և նման քննարկումներ են իրականացնում նաև երկու երկրների առաջնորդները։

«Մենք համարում ենք, որ «մեզ հետ կամ մեր դեմ» ընկալումը սխալ է։ Սխալ է Հայաստանի և այն ամենի համար, ինչ մենք ունենք», – ընդգծել է ԱԺ նախագահը՝ խոսելով Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների մասին։

Ալեն Սիմոնյանը նաև անդրադարձել է Հայաստանի դիրքորոշմանը ՀԱՊԿ-ի հարցում՝ նշելով, որ Երևանն այդպես էլ չստացավ իր հարցերի պատասխանները։

ԱԺ նախագահը մտահոգություն է հայտնել Հայաստանի վերաբերյալ հաճախ հնչող հռետորաբանության կապակցությամբ, որը, նրա խոսքով, անհանգստացնում է ոչ միայն իրեն, այլև հայ հասարակությանը։ Նա նշել է, որ հայ հասարակության մեջ շատ բացասական են արձագանքում Մոսկվայից հնչող նման արտահայտություններին, քանի որ Մոսկվան համարվում է կարևոր դաշնակից։