Այսօր, Սուրբ Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով պարգևաբաշխության ավարտին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը հրապարակել է իր հայրապետական պատգամը, որում խիստ քննադատել է ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող հակաեկեղեցական քաղաքականությունը։
Կաթողիկոսը նշել է, որ վերջին ամիսներին իշխանությունների կողմից եկեղեցու և եկեղեցականների թիրախավորումը խաթարել է ազգային և եկեղեցական մեր կյանքը։ Նրա խոսքով՝ դատական ատյաններում, ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով, հակաօրինական և անարդար քայլերով իշխանությունը պետական լծակների չարաշահմամբ միջամտում է ներեկեղեցական կյանքին՝ հետապնդումներին ենթարկելով հոգևորականներին՝ սարկավագներից մինչև եպիսկոպոսներին։
Կաթողիկոսը նաև նշել է, որ ստեղծված իրավիճակը բացասական հետևանքներ է առաջ բերել համայնքների կյանքում և լարվածություն է ստեղծել։ Նա կոչ է արել ժողովրդին՝ փորձությունների այս շրջանում աներեր պահել նախնյաց հավատը և միմյանց մեջ բաժանումներ չանեն։
Հայրապետական պատգամի հիմնական մասը նվիրված է եկեղեցական միաբանության պահպանմանը։ Կաթողիկոսը հրամայել է, որպեսզի քահանաները, մնալով իրենց ուխտին և կոչմանը հավատարիմ, անշեղորեն հետևեն Առաքելական մեր Սուրբ եկեղեցու կարգերին ու կանոններին՝ եղբայրասիրությամբ հետամուտ լինելով միաբանության վերականգնմանը։
Հիշեցնենք, որ Սուրբ Ղևոնդյանց քահանաների հիշատակի օրը Մայր տաճարում մատուցվեց Սուրբ պատարագ, որին ներկա էին թեմերում և եկեղեցական կառույցներում սպասավորող 217 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ, Մայր աթոռի միաբաններ և բազմաթիվ հավատավոր հայորդիներ։