ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը և պատասխանատու է վերաբերվում այդ դերին։
ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամակցությունը և Եվրոպական միությանը (ԵՄ) միանալու ձգտումը միմյանց համատեղելի չեն, սակայն Մոսկվան լիովին կհարգի Երևանի կողմից կայացված որևէ ընտրություն։
«Մենք հետևում ենք այն քննարկումներին, որոնք ընթանում են Հայաստանում՝ կապված ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների շարունակման և ԵՄ նորմերին անցնելու հարցով։ Մեր դիրքորոշումը պայմանավորված չէ իդեոլոգիական դրդապատճառներով, այլ իրականության հետևանք է», – ընդգծել է Սերգեյ Լավրովը։
Նա նաև հավաստիացրել է, որ Ռուսաստանը կշարունակի աջակցել Հայաստանին որպես ինքնիշխան, ուժեղ և ինքնաբավ պետություն։
Սերգեյ Լավրովը նշել է, որ Մոսկվան չի առարկում, երբ իր գործընկերներից որևէ մեկը զարգացնում է իր արտաքին կապերը, մինչդեռ ԵՄ-ի գործընկերները հաճախ Հայաստանին առաջ են կանգնեցնում ընտրության առաջ։
Հանդիպման ընթացքում ՌԴ արտգործնախարարը նաև ներկայացրել է ԵԱՏՄ-ի անդամակցության կոնկրետ արդյունքներ։ Ըստ նրա՝ եթե 2015 թվականին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմում էր 10,5 մլրդ դոլար, ապա այսօր այն հասել է 26 մլրդ դոլարի՝ աճելով 2.5 անգամ։
«Մոսկվան ձեզ համար մնում է հիմնական առևտրատնտեսական գործընկերը։ Մենք դրան պատասխանատու ենք վերաբերվում և ցանկանում ենք զարգացնել այդ համագործակցությունը՝ առաջ տանելով խոշոր ենթակառուցվածքային նախագծեր», – եզրափակել է Սերգեյ Լավրովը։