Այսօր ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին, եթե Երևանը նման որոշում կայացնի և եթե կլինի համապատասխան հրավեր։
Այս հայտարարությունը հնչել է Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման արդյունքների ամփոփման ժամանակ։ Ըստ Մատվիենկոյի՝ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև այս հարցը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը մեծ կարևորություն է տալիս Հայաստանի բարեկեցությանը և կայունությանը։ «Մենք ուզում ենք, որ Հայաստանը լինի բարգավաճ, և երկրում լինի կայուն քաղաքական իրավիճակ, քանի որ շատ ենք կարևորում ու գնահատում մեր կապերը հայ ժողովրդի հետ», – նշել է նա։
Վալենտինա Մատվիենկոն նաև հաստատել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև խորհրդարանական երկխոսությունը կշարունակվի, քանի որ դա բխում է երկու պետությունների և ժողովուրդների շահերից։ Նա նաև ընդգծել է երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության բարձր մակարդակը։
Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսին։