Գագիկ Ծառուկյանի տնից առգրավված առյուծներից մեկը մահացել է

Երևանի կենդանաբանական այգին հաստատում է, որ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից առգրավված էգ առյուծը, որը քնեցումից հետո չի արթնացել, մահացել է։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ի առավոտյան դիմակավորված հատուկջոկատայինները ներխուժեցին Գագիկ Ծառուկյանի տուն։ Քննչական գործողությունների ընթացքում նրա տնից առգրավվել էին տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր։ Այս կենդանիները տեղափոխվել էին Երևանի կենդանաբանական այգի։

Կենդանաբանական այգու հաղորդագրության համաձայն՝ առյուծը քնեցումից հետո չի արթնացել։ Հերձման արդյունքում հաստատվել է, որ կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված։ Փայծախը, լյարդը, թոքերը և սիրտը ցուցաբերում էին տարիքային փոփոխությունների հետևանքով առաջացած ախտահարումներ։ Լեղապարկում նկատվել է խոլեցիստիտային փոփոխություն, առկա է ճարպակալում, իսկ որովայնի խոռոչում՝ ազատ հեղուկ։

Գործարար Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ կասկածանքի տակ։ Նրա դեմ հարուցվել է նաև վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ քրեական գործ։