Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ երկու երկրների հարաբերությունները թևակոխել են փոփոխվող իրողություններին հարմարվելու նոր շրջափուլ՝ աշխարհաքաղաքական տուրբուլենտության ֆոնին, որը զգալիորեն ազդում է նաև Հարավային Կովկասի տարածաշրջանին։
Ըստ դեսպանի՝ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առևտրատնտեսական և ներդրումային գործընկերը, ինչպես նաև երկրի էներգետիկ և պարենային անվտանգության երաշխավորը՝ չնայած արտաքին ցնցումներին։
«Առկա մարտահրավերների հաղթահարումը պահանջում է երկու կողմերից երկարաժամկետ քաղաքական կամք և ռազմավարական իմաստություն՝ երկկողմ փոխգործակցության կուտակված արդյունքը պահպանելու և բազմապատկելու համար»,- նշել է նա Դիվանագիտական աշխատողի օրվա առթիվ կազմակերպված ընդունելության ընթացքում։
Կոպիրկինը կարևորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վերջերս Մոսկվա կատարած այցը՝ որպես այս ուղղությամբ աշխատանքներին նպաստող կարևոր գործոն։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը լիովին շահագրգռված է, որ Հայաստանը լինի ինքնիշխան, ուժեղ և ինքնաբավ։ Այս նպատակին, դեսպանի համոզմամբ, արդյունավետորեն նպաստում է երկրի լիիրավ մասնակցությունը Մոսկվայի հետ համատեղ ինտեգրացիոն միավորումներին։ Նա հատկապես նշել է ԵԱՏՄ անդամակցության դրական ազդեցությունը՝ նշելով, որ այդ ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 2,5 անգամ։
Դեսպանը նաև ընդգծել է երկու երկրների միջև մշակութային-հումանիտար և միջմարդկային շփումների ավանդաբար ակտիվ զարգացումը։ Նա նշել է, որ ռուսաստանցիներն առաջատար են Հայաստան այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում։
Կոպիրկինը անդրադարձել է համաշխարհային քաղաքականության ընթացքին՝ նշելով, որ աշխարհում տեղի են ունենում «տեկտոնական» փոփոխություններ, որոնք հանգեցնում են բազմաբևեռ համակարգի ձևավորման։ Նրա կարծիքով՝ այս նոր համակարգի հիմքում պետք է դրվի իրավահավասարությունը, փոխհամաձայնության մշակույթը և փոխադարձ շահերի հաշվի առումը։ Նա որպես օրինակ բերել է ՇՀԿ-ն և ԲՐԻԿՍ-ը՝ նշելով, որ այդ կառույցները առաջնորդվում են հենց այս սկզբունքներով։
Ըստ դեսպանի՝ մնացած աշխարհի հետ հաշվի չնստող հավաքական Արևմուտքի դարաշրջանն ավարտվել է, և պատմական այս գործընթացը կասեցնել հնարավոր չէ։