Հայաստանում կանցկացվի առաջին միջազգային դրոնների մրցարշավ

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի անօդաչու թռչող սարքերի (դրոնների) տարածաշրջանային մրցարշավի առաջնություն, որին մասնակցելու է շուրջ 80 օպերատոր տարբեր երկրներից։ Այս մասին հայտարարեց «ArmDrone համայնք» ՀԿ-ի հիմնադիր Հայկ Կարապետյանը։

Մրցույթը, որը կանցկացվի մայիսի 15-17-ը, կստեղծի բարձր տեխնոլոգիական սպորտի զարգացման նոր հարթակ՝ համախմբելով տարածաշրջանի լավագույն օդաչուներին և ոլորտի ներկայացուցիչներին։ Մրցարշավը կանցկացվի Երևանի Վահագնի թաղամասի «Ararat golf» ակումբում։

Հիմնական ձևաչափը FPV (First person view) դրոնների մրցարշավն է։ Այս տեխնոլոգիայի դեպքում օպերատորները հատուկ ակնոցներ են կրում և վահանակի միջոցով իրական ժամանակում ղեկավարում են դրոնը։ Յուրաքանչյուր մրցակիցի համար մրցարշավի ժամանակ 4 օպերատոր է իրականացնում թռիչք, և ամենաարագ ավարտողը հաղթանակ է տանում։ Մասնակիցների շարքում կլինեն օպերատորներ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Բելառուսից և Ղազախստանից։

Հայկ Կարապետյանը նշեց, որ սպասվում են ուժեղ մրցակիցներ, հատկապես Ռուսաստանից, սակայն հույս ունի, որ հայկական թիմն էլ կգրանցի հաղթանակներ։ Նրա խոսքով՝ մոտ 1-2 տարի անց նրանք ակնարկում են միջազգային մրցաշարերի մասնակցել և հաղթել նաև աշխարհի մակարդակով չեմպիոններին։

Մրցույթին մասնակցող դրոնները պետք է համապատասխանեն միջազգային չափորոշիչներին։ Դրանք ինքնաշեն են, ոչ թե նկարահանման համար նախատեսված, և ունեն 5 դյույմ պրոպելերներ։ Դրոնների արագությունը կարող է հասնել 100-120 կմ/ժ։

«ArmDrone համայնքը» առաջին անգամ է իրականացնում FPV դրոնների մրցարշավ Հայաստանում։ Հայկ Կարապետյանը նշեց, որ նրանց աշակերտները սովորում են սարքել և վերանորոգել դրոններ, մինչև որ սկսում են վարել դրանք։ Մարզումների ընթացքում անընդհատ տեղի է ունենում դրոնների բաղադրիչների վերանորոգում, ինչը նպաստում է աշակերտների հմտությունների զարգացմանը։

Մրցույթին մասնակցող հայկական թիմի անդամ 14-ամյա Վարդան Ավետիսյանը նշեց, որ հետաքրքրվել է դրոններով փոքր տարիքից, սակայն FPV դրոնների մարզաձևով զբաղվում է արդեն 1,5 տարի։

Այս միջոցառման իրականացմանը աջակցություն են ցուցաբերել «Յուքոմ» ընկերությունը և Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։