Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտնել է, որ Հայաստանից պտուղների և բանջարեղենի ներկրման սահմանափակումը ռուսական շուկաների վրա որևէ բացասական ազդեցություն չի ունենա։
«Մեր շուկաներում ոչ մի խնդիր չի առաջանա։ Ռուսաստանը վիճակագրորեն որևէ խնդիր չի արձանագրել», – նշել է նախարարը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը սեփական արտադրության հաշվին բավարարում է իր սպառման հիմնական ծավալը, իսկ շուկաներում մատակարարների կառուցվածքը բավականին դիվերսիֆիկացված է։
Այս հայտարարությունը հաջորդում է Ռոսսելխոզնադզորի մայիսի 28-ի հայտարարությանը, համաձայն որի՝ մայիսի 30-ից սահմանափակվում է Հայաստանից պտուղների և բանջարեղենի ներկրումը՝ բուսասանիտարական բարեկեցության ապահովման նպատակով։ Գերատեսչությունը նախապես, մայիսի 22-ից, ժամանակավորապես սահմանափակել էր նաև ծաղիկների ներկրումը։ Այս որոշումները կայացվել են ռուսական շուկա հայկական մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակի դեպքերի պատճառով։