Ինչպես հայտնի դարձավ, Ռուսաստան հայկական լոլիկի մատակարարման ժամանակավոր սահմանափակումները չեն հանգեցնի Հայաստանի ներքին շուկայում արտադրանքի ավելցուկի։ Այս մասին այսօր, նախընտրական քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտարարեց արձակուրդի մեջ գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ մեկնաբանելով «Ռոսսելխոզնադզորի» կողմից մի շարք հայկական բանջարեղենի և հատապտուղների ներմուծման սահմանափակումներ մտցնելուց հետո ստեղծված իրավիճակը։
Նախարարը նշեց, որ եթե շուկայում իսկապես ավելցուկ լիներ, լոլիկի 1 կգ-ի գինը կկազմեր 200 դրամ, այլ ոչ թե ներկայիս 700 դրամը։ Թեև նա ընդգծեց, որ գները կարող են ժամանակավորապես իջնել մինչև 400-500 դրամ, հիմնական խնդիրը, նրա խոսքով, արտահանման հետ կապված է և այն կկարգավորվի հունիսի 7-8-ից հետո, այսինքն՝ ԱԺ ընտրություններից հետո։
«Քննարկվող բոլոր հարցերը կրում են աշխատանքային և տեխնիկական բնույթ։ Ընդհանուր առմամբ որևէ լուրջ խնդիր չկա»,– հստակեցրեց Պապոյանը։
Նա նաև հիշեցրեց, որ «Ռոսսելխոզնադզորի» և Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի համատեղ ստուգումների արդյունքում արտահանման սահմանափակումներն արդեն հանվել են հայկական երկու ձկնաբուծական ընկերությունների համար։
Պապոյանը տեղեկացրեց, որ իր տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցել է վերջերս Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական համաժողովին, որտեղ հանդիպումներ է ունեցել ռուս գործընկերների հետ։ Նրա խոսքով՝ բանակցությունների մթնոլորտը դրական է եղել, իսկ կողմերը տրամադրված են առաջացած հարցերի շուտափույթ կարգավորմանը։
Էկոնոմիկայի նախարարը հարցերի լուծման հեռանկարները կապեց հայ–ռուսական հարաբերությունների բարձր մակարդակի հետ՝ նշելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը ևս դրական նշան է։
«Մենք Ռուսաստանի հետ երբեք չենք ունեցել առևտրատնտեսական համագործակցության այնպիսի բարձր մակարդակ և ապրանքաշրջանառության այնպիսի ծավալ, ինչպիսին հիմա է»,– վստահեցրեց նախարարը։