Նորակերտի նախկին ղեկավարը մեղադրվում է համայնքի գույքի հափշտակման և փողերի լվացման մեջ

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է համայնքից գույք հափշտակելու և խմբի կազմում փողերի լվացում կատարելու մեջ։

Քրեական վարույթի նյութերով պարզվել է, որ 2002-2018 թվականներին Նորակերտ համայնքի ղեկավար Շահեն Կարապետյանը համայնքից հափշտակել է շուրջ 40 շարժական և անշարժ գույք։ Դրանցից մի մասը ձևակերպվել է որդու անվամբ, իսկ հափշտակված գույքի մի մասի հետ կապված միջոցները, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում կատարվել են փողերի լվացման գործողություններ։

ՀՀ գլխավոր դատախազությունը 2026 թվականի հունիսի 3-ին իրավասու դատարան է հանձնել Շահեն Կարապետյանի, նրա որդու և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը։

Նախաքննության ընթացքում հաջողվել է վերադարձնել Փարաքար համայնքին ամբուլատորիայի նախկին շենքը՝ դրան կից հողատարածքով, ինչպես նաև 0,23 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը։ Նշված գույքերի նկատմամբ արդեն գրանցվել է Փարաքար համայնքի սեփականության իրավունքը։

Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել նաև հայցադիմում՝ Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում գտնվող 0,084 հա մակերեսով հողամասի և 189,4 քմ մակերեսով գյուղապետարանի նախկին վարչական շենքի օտարման վերաբերյալ աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով։ Այս քաղաքացիական գործը գտնվում է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում։ Առաջիկայում նախատեսվում է ներկայացնել հայցեր՝ մյուս հափշտակված գույքերի վերաբերյալ։