ԵՄ-ն Հայաստանին մշտապես ընտրության առաջ է կանգնեցնում՝ լինել Ռուսաստանի հետ, թե իրենց

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ընթացքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի համար տարօրինակ է լսել հայտարարություններ այն մասին, թե Հայաստանին ինչ-որ վտանգ է սպառնում հյուսիսից։ Նրա խոսքով՝ հատկապես խոսվում է ՀԱՊԿ-ի հետ կապված սպառնալիքների մասին, ինչը, նրա կարծիքով, փորձ է արվում կասկածի տակ դնել մեր համատեղ պատմությունը և Հայրենական մեծ պատերազմը։

Լավրովը նաև անդրադառնալով Երևանից հնչող հիբրիդային սպառնալիքների մասին հայտարարություններին, նշել է, որ ԵՄ-ն Հայաստանին մշտապես ընտրության առաջ է կանգնեցնում՝ լինել Ռուսաստանի հետ, թե իրենց։

ՌԴ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ Հայաստանում լավ հասկանում են, թե ինչ է այս ամենի հետևում կանգնած, երբ ԵՄ-ն բացահայտ պատերազմ է հայտարարել Ռուսաստանին և նպատակ է դրել ռազմավարական պարտության հասցնել ՌԴ-ին։ Նրա խոսքով՝ «Մենք Հայաստանի ղեկավարությունից լսում ենք հայտարարություններ Ռուսաստանի Դաշնության հետ կապի և համագործակցության ներկայիս մակարդակը պահպանելու շահագրգռվածության մասին, մյուս կողմից տեսնում ենք, որ արտատարածաշրջանային երկրներից ոչ բոլորին է դա դուր գալիս»։

Սերգեյ Լավրովը նաև նշել է, որ Մոսկվան երբեք չի առարկում, երբ իր գործընկերներն այլ ուղղություններով արտաքին կապեր են զարգացնում։

Անդրադառնալով Եվրամիությանն անդամակցության հնարավորությանը, ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ այն անհամատեղելի է ԵԱՏՄ-ի հետ։ Նա հավելել է, որ Ռուսաստանը կհարգի Հայաստանի ընտրությունը։