ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի (ՀԱԿ) ղեկավար, գեներալ-գնդապետ Եվգենի Սիսոևը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով ԱՊՀ երկրներում, հատկապես Իրանի սահմանակից պետություններում, կարող է առաջանալ լայնածավալ միգրացիոն ճգնաժամ։ Այս մասին նա խոսել է ԱՊՀ մասնակից երկրների իրավասու մարմինների ղեկավարների խորհրդակցության ընթացքում։
Ըստ Սիսոևի՝ միջազգային իրավիճակի վատթարացումը, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները, ստեղծում են նախադրյալներ լայնածավալ միգրացիոն գործընթացների և մարդասիրական ճգնաժամի համար, որոնք նման են Լիբիայում և Իրաքում տեղի ունեցածին։ Նա նաև ընդգծել է, որ ահաբեկչական ճգնաժամի հետևանքներին կարող են բախվել ԱՊՀ բոլոր երկրները, սակայն առաջին հերթին՝ Հայաստանը, Թուրքմենստանը և Ադրբեջանը։
Այնուամենայնիվ, գեներալ-գնդապետը նշել է, որ ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների համակարգված գործունեության շնորհիվ 2025 թվականին խափանվել է ահաբեկչական գործողությունների ավելի քան 300 փորձ։
ՀԱԿ-ի տվյալներով՝ ԱՊՀ երկրներում կանխվել է ահաբեկչական և ծայրահեղական բնույթի ավելի քան 2,5 հազար հանցագործություն, այդ թվում՝ ահաբեկչությունների իրականացման ավելի քան 300 փորձ, ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված ավելի քան 100 և արմատական գաղափարախոսության տարածման հետ կապված մոտ 2000 հանցագործություն։
Հակաահաբեկչական կենտրոնի տվյալներով՝ կանխվել է ավելի քան 200 ահաբեկչական և ծայրահեղական բջիջների, ահաբեկչության և ծայրահեղականության ֆինանսավորման շուրջ 900 աղբյուրների և 300 ալիքների, արմատական բովանդակություն պարունակող գրեթե 19 հազար տեղեկատվական ռեսուրսների գործունեությունը։ Ահաբեկչության և ծայրահեղականության փաստերով հարուցվել է ավելի քան 2,3 հազար քրեական գործ, որոնցում քրեական պատասխանատվության են ենթարկվել ավելի քան 1,5 հազար անձ։ Ընդհանուր առմամբ, ապակառուցողական գործունեությունից հրաժարվել են ավելի քան 100 ահաբեկիչ և ավելի քան 2 հազար ծայրահեղական։