ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ 70-ից ավելի հասցեներում միաժամանակյա խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, առարկաներ, այդ թվում՝ հափշտակված տրանսպորտային միջոցներ։
ՀՀ քննչական կոմիտեն հարուցել է հանրային քրեական հետապնդում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և նրա խմբի անդամների նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կազմակերպելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կազմակերպելու հոդվածներով։
Քննչական նյութերում նշվում է, որ 2022-2024 թվականներին Գագիկ Ծառուկյանը կազմակերպել և ղեկավարել է հանցավոր խումբ։ Խմբի անդամները, Իրան-Հայաստան առևտրային կապերը զարգացնելու նպատակով, Իրանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձանց հետ համաձայնություն են ձեռք բերել և հիմնել համատեղ իրավաբանական անձ։
Այս կեղծ պատրվակով խումբը Իրանում գործող ընկերություններից ձեռք է բերել և Հայաստան ներմուծել 52 միավոր տրանսպորտային միջոց, տեխնիկա, վառելիք և այլ ապրանքներ։ Ըստ կոմիտեի՝ խարդախության արդյունքում հափշտակվել է ընդհանուր առմամբ 21 մլն 072 827 դոլարին համարժեք շուրջ 8 մլրդ 126 մլն 946 460 դրամ արժողությամբ գույք։
Հանցավոր խմբի անդամները, նպատակ ունենալով օրինականացնել հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերված գույքերը, դրանք փոխակերպել և վաճառքից ստացված գումարները միախառնել են իրենց այլ եկամուտներին՝ թաքցնելով հանցավոր ճանապարհով ստացված գույքի և դրամական միջոցների իրական ծագման բնույթը։
Բացի այդ, Ծառուկյանը, վառելիքի ներկրմամբ և վաճառքով զբաղվող Ռ.Կ.-ի հետ նախնական համաձայնության հասնելով, կազմակերպել և ղեկավարել է նրա կողմից վառելիքի ներկրման գործարքի շրջանակում Իրանի քաղաքացի Յ.Ի.-ից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով՝ 934 465 դոլար գումարի հափշտակությունը։ Այս գումարները հետագայում միախառնվել են Ծառուկյանի ղեկավարած ՍՊ ընկերության օրինական շրջանառությանը՝ քողարկելով դրանց հանցավոր ծագումը։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվել է նաև հունիսի 9-ին՝ հարկերից խուսափելու մեղադրանքով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։