Այսօր, 29/46 ընտրատեղամասում քվեարկությունից հետո լրագրողների հետ կատարած ճեպազրույցում ՀՀԿ առաջնորդ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 28-ին անցկացված զորահանդեսի մասին հարցին անդրադառնալով, նշեց, որ այն ոչ թե զենքերի մարտունակության փորձարկում էր, այլ ցուցադրություն՝ ծախսերի մասին հարցերին արդարացում տալու նպատակով։
«Այն մարդիկ, որոնք այնտեղ խոսում էին, այդ զենքերով քանի՞ մարտ են անցկացրել։ Ցուցադրված զենքերի մարտունակության և արդյունավետության մասին ո՞վ կարող է ասել։ Ո՞վ կարող է ասել, որ մենք ունենք այս կամ այն զենքից քանի՞ հատ, կամ որը դրանցից ավելի ժամանակակից է՝ այս ցուցադրվածը, թե՞, օրինակ, «Իսկանդերը»։ Դա ոչ թե զորահանդես էր, այլ ցուցադրություն՝ արդարացնելու այն ահռելի գումարները, որոնք, ինչպես հայտնի է, հատկացվել են պաշտպանության նախարարությանը»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ այս հարցերի բոլոր պատասխանները կստանան իշխանափոխությունից հետո, երբ կլինի հնարավոր հետաքննել այդ ամբողջ պատմությունը։
Սերժ Սարգսյանը նաև անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե ժառանգություն է ստացել «բանակի ավերակներ»՝ հին, մաշված զենքերով, և ստիպված է եղել զրոյից կառուցել։ Նա հիշեցրեց, որ հենց Նիկոլ Փաշինյանն է 2020 թվականին, մինչև պատերազմը, հայտարարում եղել, որ հայկական բանակը տարածաշրջանում որոշիչ ազդեցություն ունի։
«Բա եթե էդ զենքերը տենց մետաղաջարդոն էին, էդ մետաղաջարդոնով մենք որոշիչ ու՞ժ էինք»,- հարց ուղղեց Սերժ Սարգսյանը։