Հայաստանը շարունակում է աշխատել սպառման և մատակարարման բազմազան աղբյուրներ ունենալու համար

Հայաստանի կառավարությունը չի ձգտում լարվածություն մտցնել Երևանի և Մոսկվայի միջև առկա երկկողմ և բազմակողմ հարաբերություններում։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական օրակարգին և վերջին շրջանում ռուսական շուկայում հայկական ապրանքների արգելափակման խնդիրներին։

«Մենք կարծում ենք, որ բոլոր այն խնդիրները, որոնք առաջանում են, պետք է լուծել կառուցողական մթնոլորտում։ Որևէ ցանկություն չունենք լարվածություն մտցնել քաղաքական երկխոսության մեջ, տնտեսական հարաբերություններում՝ ո՛չ ուղիղ, ո՛չ էլ մեր գործակցության բազմակողմ հարթակներում՝ ԵԱՏՄ-ում, ԱՊՀ-ում և այլուր»,– նշեց նա։

Անդրադառնալով ռուսական կողմից հայկական որոշ ապրանքների մուտքի արգելքին՝ նախարարը հորդորեց հարցը չքաղաքականացնել և չկապել Հայաստանի վարած արտաքին քաղաքականության կամ ընտրական գործընթացների հետ։

«Այս տեսակ խնդիրներ եղել են մշտապես։ Մի քիչ ջանքի դեպքում կտեսնենք, որ որևէ ալկոհոլային խմիչքի կամ բանջարեղենի, մրգի արգելափակման խնդիր եղել է 5 տարի առաջ, 10, 12, 20, 25 տարի առաջ։ Հենց սեզոնը բացվում է՝ խնդիր է լինում։ Կարևոր է նաև ասել՝ այնպես չէ, որ գինիների մուտքը փակված է ՌԴ, այլ մեկ կոնկրետ ընկերության, այն էլ ոչ ամբողջ արտադրանքի, այլ մի արտադրատեսակի հետ է կապված խնդիրը։ Ինչո՞ւ ենք բացառում, որ խնդիրները կարող են օբյեկտիվ լինել»,– շարունակեց Միրզոյանը։

Չնայած ռուսական շուկայում ծագած խնդիրների օբյեկտիվությանը՝ նախարարը կարևորեց Հայաստանի տնտեսական անվտանգության մակարդակի բարձրացումն ու նոր շուկաների բացահայտումը։ Նրա խոսքով՝ ցանկացած երկրի համար կենսական է սպառման և մատակարարման բազմաթիվ աղբյուրներ ունենալը։

«Պետությունն այս ուղղությամբ շարունակում է իր աշխատանքը, սակայն հաջողության հասնելու համար անհրաժեշտ է նաև մասնավոր հատվածի ակտիվ ներգրավվածությունը, քանի որ առևտուր պետք է անի բիզնեսը»,– նշեց նա։

Անդրադառնալով ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հայտարարությանը, թե ՀՀ ղեկավարությունը պաշտպանություն է փնտրում սպառնալիքի աղբյուրից, Արարատ Միրզոյանը նշեց, որ չգիտի, թե ինչ սպառնալիքի մասին է խոսում ռուս պաշտոնյան։ Նա վերահաստատեց ռուս գործընկերների հետ կառուցողական մթնոլորտում խնդիրները քննարկելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը։

«Ինչպես երեկ, այնպես էլ այսօր պատրաստ ենք կառուցողական ու առողջ քննարկումներով հարթել բոլոր թյուրիմացությունները և ծագած իրական, հնարավոր խնդիրները։ Մեր գործակցությունը որևէ երկրի հետ ուղղված չէ որևէ այլ՝ երրորդ երկրի դեմ։ Հայաստան-Միացյալ Նահանգներ գործակցությունը, ՀՀ-ԵՄ գործակցությունն ուղղված չէ ՌԴ-ի դեմ։ ՀՀ-ՌԴ գործընկերությունն ուղղված չէ Միացյալ Նահանգների, Չինաստանի, Իրանի դեմ»,– եզրափակեց նախարարը։