Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս չեն ավարտել սահմանային ցանկապատի շինարարությունը Ներքին Ոսկեպարի տարածքում

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաստատում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս չեն ավարտել սահմանային ցանկապատի շինարարությունը ՀՀ Տավուշի մարզի Ներքին Ոսկեպար գյուղի տարածքում։

Հարցմանը պատասխանելով՝ ԱԱԾ-ն նշում է, որ Ներքին Ոսկեպարի՝ հարցման մեջ նշված կոորդինատներով սահմանային հատվածում փշալարային արգելափակոցներ կառուցելու նպատակով իրականացվում են համապատասխան աշխատանքներ։

Սահմանազատման արդյունքում Բաղանիս և Ոսկեպար գյուղերի մոտակայքում կառուցված ցանկապատը նշված է քարտեզի վրա կարմիր գծով։ Նարնջագույնով նշված է մի քանի հարյուր մետրանոց այն հատվածը, որտեղ ցանկապատը դեռևս չի կառուցվել։

Տավուշի մարզի սահմանազատման հետևանքները նաև պատկերված են քարտեզի վրա։ Մուգ շագանակագույնով նշված է այն տարածքը, որը վերահսկվում էր ՀՀ զինված ուժերի կողմից և որը նրանք զիջել են Ադրբեջանին։ Բաց շագանակագույնով նշված է «չեզոք գոտին» կամ ՀՀ զինված ուժերի դիրքերի և Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության միջև ընկած հատվածը, որը սահմանազատումից հետո նույնպես ամբողջությամբ անցել է Ադրբեջանին։

ԱԱԾ-ն չի մանրամասնել, թե ինչու սահմանային ցանկապատը դեռևս ավարտուն տեսքի չի բերվել 2024 թվականին սկսված սահմանազատումից և սահմանագծումից հետո։