Հայաստանում գազի գնի փոփոխությունը կարող է ազդել էլեկտրաէներգիայի սակագների վրա

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը նախազգուշացրեց, որ եթե Ռուսաստանը, որը Հայաստանին էլեկտրաէներգիայի հիմնական մատակարարն է, որոշի բարձրացնել կապույտ վառելիքի գինը, դա անխուսափելիորեն կազդի նաև էլեկտրաէներգիայի սակագների վրա։

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ որպես քաղաքացի կարող է հասկանալ նման մտահոգությունները, սակայն ի պաշտոնե մեկնաբանություններ կատարել չի կարող։ Նա շեշտեց, որ եթե նման իրադարձություն տեղի ունենա, հանրությունը պետք է պատրաստ լինի։

«Կարծում եմ՝ առանձնապես աշխարհացունց բան տեղի չի ունենա մեր իրականության մեջ, բայց պետք է հաշվի նստենք այդ հանգամանքի հետ»,– նշեց Մեսրոպյանը։

Հանձնաժողովի ղեկավարը պարզաբանեց, որ սահմանին գազի գնի փոփոխությունը, եթե իրականություն դառնա, ոչ միայն կապույտ վառելիքի թանկացմամբ չի սահմանափակվի։ Նրա խոսքով՝ Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի 35%-ը արտադրվում է գազային վառելիքով աշխատող ջերմային կայաններում։ Հետևաբար, գազի գնի թանկացումը կարող է բացասական ազդեցություն ունենալ էլեկտրաէներգիայի սակագների վրա։

Մեսրոպյանը հավաստիացրեց, որ ՀԾԿՀ-ն, ինչպես իր ղեկավարման, այնպես էլ նախորդ գործընկերների ղեկավարման տարիներին, միշտ արել է հնարավորը, որ սակագների թանկացում տեղի չունենա։ Նա նշեց, որ սպառողի համար նույնիսկ կես դրամի փոփոխությունն արդեն իսկ ծանր է։

Չնայած հնարավոր տնտեսական բարդություններին՝ ՀԾԿՀ նախագահը հորդորեց խուճապի չմատնվել՝ կտրականապես բացառելով խորը էներգետիկ ճգնաժամի վերադարձը։ Նրա խոսքով՝ տեխնոլոգիական առաջընթացն ու Հայաստանում իրականացված բարեփոխումները հուսալի պաշտպանական շերտ են ստեղծել։

«Մենք բարեբախտաբար չենք ունենալու 92, 93, 94 թվականի ծանր էներգետիկ կրիզիսը, այսինքն՝ այդ հովհարային անջատումների տարիները, քանի որ գիտությունը, տեխնոլոգիաները զարգացել են, Հայաստանում էլ, բարեբախտաբար, այս տարիների ընթացքում վերականգնվող էներգետիկայի մասով` հատկապես արևային կայանների մասով, տեխնոլոգիաներ են ներդրվել»,– մանրամասնեց նա։

Նա նաև հստակեցրեց, որ ինքը սակագին որոշողը չէ և չի կարող ոչ հաստատել, ոչ էլ բացառել գազի գնի փոփոխության հետևանքով սակագների թանկացումը, այլ ընդամենը կանխատեսում է հնարավոր սցենարները։