«Ռոսատոմ» պետական կորպորացիան Հայաստանին առաջարկում է ատոմային էներգետիկ հզորությունների կառուցման տարբեր՝ համակցված տարբերակներ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
Ըստ նրա՝ քննարկվում են տարբեր տեխնոլոգիական լուծումներ, որոնք ներառում են ինչպես փոքր հզորությամբ, այնպես էլ մոդուլային, միջին հզորության, և հզոր՝ գիգավատանոց դասի ռեակտորներ։
«Ինչ վերաբերում է 2036 թվականից հետո Հայաստանում ատոմային էներգետիկայի գործունեությանը, այս հարցը բաց է մնում։ Մենք պատրաստ ենք առաջարկել տարբեր համակցված լուծումներ՝ հաշվի առնելով երկրի ապագա կարիքները», – նշել է Ալեքսեյ Լիխաչովը։
Նրա խոսքով՝ հաշվի առնելով էլեկտրաէներգիայի սպառման տարեկան 4-5 տոկոսանոց աճը, Հայաստանի լրացուցիչ պահանջարկը տասնամյակի ընթացքում կարող է հասնել մինչև 1 ԳՎտ ընդհանուր հզորության։
«Ռոսատոմը» պատրաստ է նաև գնել և հարևան երկրներ արտահանել Հայաստանի ատոմակայանի ավելցուկային էլեկտրաէներգիան։
Հիշեցնենք, որ Հայկական ԱԷԿ-ն երկրի էլեկտրաէներգիայի արտադրության մոտ մեկ երրորդն է ապահովում։ Կայանի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին։ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո կայանը կանգնեցվել էր, սակայն վերագործարկվել է 1995 թվականին։ Ստորագրված պայմանագրի համաձայն՝ կայանի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2036 թվականը։