Ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանը պարգևատրվել է Ֆրանսիայի Արվեստների և գրականության ասպետի շքանշանով

Ֆրանսահայ հայտնի երգիչ, երգահան և պրոդյուսեր Եսայի Ալթունյանը պարգևատրվել է Ֆրանսիայի կողմից շնորհվող բարձր պետական պարգև՝ Արվեստների և գրականության ասպետի շքանշանով։

Այս մասին հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը։ Շքանշանը Եսայի Ալթունյանին հանձնել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Գաբրիել Ատալը՝ Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացած հանդիսավոր արարողության ընթացքում։

Այս պարգևը շնորհվել է արվեստի, երաժշտության և մշակույթի ոլորտներում ունեցած նշանակալի ավանդի համար։ Այն արժևորում է նաև Եսայի Ալթունյանի երկարամյա նվիրված գործունեությունը, որը նպաստում է հայկական մշակութային ժառանգության հանրահռչակմանը և ամրապնդում է Ֆրանսիայի ու Հայաստանի միջև մշակութային կապերը։

Հիշեցնենք, որ Եսայի Ալթունյանը 2015 թվականին «Genealogy» խմբի կազմում Հայաստանը ներկայացրել է «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթում։