Գագիկ Ծառուկյանի կազմակերպություններում միաժամանակյա խուզարկություններ են կատարվում

ՀՀ քննչական կոմիտեի (ՔԿ) հաղորդմամբ՝ այս պահին մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում միաժամանակյա խուզարկություններ են կատարվում ավելի քան 70 հասցեներում։

Խուզարկումները կատարվում են «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։ Ըստ աղբյուրների՝ իրավապահ մարմինները Գագիկ Ծառուկյանի առանձնատուն են մտել փողերի լվացման վարույթի շրջանակում։

«Մուլտի տաբակ» ընկերության տնօրեն Ջուլիետա Մարգարյանը հայտնեց, որ խուզարկումները սկսվել են առավոտյան՝ ժամը 7։30-ին։ Նրա խոսքով՝ իրավապահները ներխուժել են առանց իրենց իշխանությունները ներկայացնելու։ Ընկերության աշխատակիցներին դուրս են հրավիրել, իսկ ներսում իրականացվում են որոշակի գործողություններ։ Տնօրենը նշեց, որ ընկերությունը արդեն շուրջ երեք ամիս է՝ չի աշխատում, իսկ աշխատակիցները հարկադիր պարապուրդում են։ Նա փորձել է մոտենալ շենքին՝ իր որպես գլխավոր տնօրենի իրավունքներով, սակայն իրավապահները չեն թույլ տվել։

Ջուլիետա Մարգարյանը նաև նշեց, որ վերջերս ընկերությունում հարկային ստուգումներ են կատարվել, և բոլոր անհրաժեշտ տեղեկությունները արդեն հանձնվել են։ Ուստի, նրա խոսքով, անհասկանալի է, թե հիմա ինչ են փնտրում իրավապահները։

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին Գագիկ Ծառուկյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չէին տվել մեկնել երկրից։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հոդվածով։ Կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը նախկինում հայտնել էր, որ Ծառուկյանը կնոջ հետ պլանավորած 2-3 օրյա այց էր մեկնում։ Քրեական վարույթի նախաձեռնումից հետո նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Հունիսի 25-ին հայտնի դարձավ, որ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու համար միջնորդություն է ներկայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)։