ԲՀԿ-ի խոսնակը՝ խուզարկությունների մասին

Առավոտյան, հուլիսի 6-ին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է երկրում տեղի ունեցող իրադարձություններին՝ հատկապես կապված կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ։

Իր խոսքով՝ այս պահին կաթվածահար են տասնյակ ընկերությունների աշխատանքները, ինչի հետևանքով հազարավոր աշխատակիցներ չեն կարողանում մուտք գործել իրենց աշխատավայրեր։

Խուզարկություններ են իրականացվում Գագիկ Ծառուկյանին պատկանող բազմաթիվ օբյեկտներում, այդ թվում՝ «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում, ինչպես նաև «Արարատցեմենտ», «Մուլտի սթոուն», «Մուլտի տաբակ» ընկերություններում, Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում, «Մուլտի Վելնես» համալիրում, բազմաթիվ հյուրանոցներում, այդ թվում՝ Ծաղկաձորի «Մուլտի ռեսթ»-ում և Վերին Պտղնիում գտնվող «Մուլտի գրանդ Փարավոն»-ում։

Տոնոյանը հատկապես ընդգծեց «Օլիմպավան» մարզաբազայի իրավիճակը։ Նրա խոսքով՝ այնտեղից դուրս են բերել միջազգային մրցելույթների նպատակով Հայաստանում ուսումնամարզական հավաքներ անցկացնող տարբեր մարզաձևերի մարզիկների։ «Խայտառակ նախադեպ է, որը կառաջացնի միջազգային սկանդալ։ Միջազգային օլիմպիական կոմիտեն և համապատասխան մարզական ֆեդերացիաները կուշադրեն այս փաստին»,- նշեց նա։

Խոսնակը նաև հավելեց, որ այս իրադարձությունները բացասաբար են ազդում երկրի միջազգային հեղինակության վրա։

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին Գագիկ Ծառուկյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չէին տվել մեկնել երկրից։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հոդվածով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։