Կալանավորի առողջական վիճակը գտնվում է պետական մարմինների ուշադրության կենտրոնում

ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Մարիամ Ծատրյանը հայտնում է, որ «Արմավիր» Քրեակատարողական Կենտրոնում (ՔԿՀ) առողջական խնդիրների պատճառով հացադուլ հայտարարած կալանավորի համար անհրաժեշտ բժշկական օգնություն կազմակերպվում է։

Ըստ նրա՝ քաղաքացու առողջական վիճակը մշտապես գտնվում է պետական մարմինների ուշադրության կենտրոնում։ Այս համատեքստում, հաշվի առնելով նրա առողջական ալերգիկ վիճակը, տարբեր բուժական միջոցառումներից առաջ անցկացվում են համապատասխան բժշկական քննարկումներ։

Մարիամ Ծատրյանը նշում է, որ քաղաքացու բժշկական փաստաթղթերը և տվյալները ուսումնասիրվել են Երևան քաղաքի գրեթե բոլոր խոշոր բուժկենտրոնների համապատասխան բաժանմունքներում։ Նախարարի տվյալ գծով խորհրդականն ուսումնասիրել է կալանավորի ընդհանուր առողջական վիճակը։ Նախատեսվում է, որ վաղը կրկին կիրականացվեն անհրաժեշտ բժշկական հետազոտություններ։

Նրա խոսքով՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մշտական կապի մեջ են կալանավորի հարազատների հետ։ Առաջին օրը նախարարությունում կազմակերպվել է ընդունելություն, որին մասնակցել է նրա քույրը, որտեղ ներկայացվել են եղբոր առողջական վիճակին վերաբերող մանրամասներ։