Հայաստանը Համաշխարհային բանկից 170,3 մլն եվրո վարկ կվերցնի

ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացավ Հայաստան-Համաշխարհային բանկի միջև կնքվելիք համաձայնագրի նախագիծը, որի համաձայն՝ պետական բյուջեի համալրման նպատակով Հայաստանը կվերցնի 170,3 մլն եվրո վարկ։

Վարկի պայմանները հետևյալն են․ տարեկան մոտ 3,7% տոկոսադրույք, 28 տարի վերադարձման ժամկետ և 10 տարի արտոնյալ ժամանակահատված։

Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել բարեփոխումների ծրագիր, որը մշակվել է տնտեսության առողջացման նպատակով։ Այս ծրագրի հիմնական ուղղություններից են՝

Տնտեսական մրցակցության օրենսդրության բարելավումը։ Կատարելագործվելու է «Տնտեսական մրցակցության մասին» օրենքը։
Ներդրումների իրավական երաշխիքների ամրապնդումը։ «Ներդրումների մասին» օրենքում կներդրվեն նոր փոփոխություններ, որոնք կապահովեն լրացուցիչ իրավական պաշտպանություն ներդրողներին։
Հակամրցակցային գործողությունների կանխարգելումը։ Հայաստանի մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի լիազորությունները կընդլայնվեն՝ գնային սպեկուլյացիաների և այլ հակամրցակցային վարքագծերի դեմ պայքարելու համար։
Կանաչ տնտեսության իրավական դաշտի կատարելագործումը։ Բիզնեսի համար կներդրվի ջերմոցային գազերի արտանետումների կանխարգելման ծրագիր։