Ղազախստանի խորհրդարանի Սենատի փոխնախագահ Ժակիպ Ասանովը կհետևի Հայաստանի խորհրդարանական ընտրություններին՝ որպես ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) դիտորդական առաքելության համակարգող։ Այս մասին հայտնում է ԱՊՀ ՄԽՎ պաշտոնական կայքը։
Ասանովի թեկնածությունն առաջարկել է Ղազախստանի խորհրդարանի Սենատը։ Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հաստատել է համապատասխան կարգադրությունը։
Դիտորդական խմբի կազմում կընդգրկվեն ԱՊՀ ՄԽՎ անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ, ինչպես նաև Միջխորհրդարանական վեհաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներ և ԱՊՀ ՄԽՎ Ժողովրդավարության զարգացման մոնիտորինգի միջազգային ինստիտուտի փորձագետներ։
Առաքելությունը Հայաստան կժամանի ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով։
Հիշեցնենք, որ Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Պաշտոնական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ին և կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։