ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ու Իրանի դեսպանը քննարկել են թմրամիջոցների դեմ պայքարի հարցերը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հանդիպել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև անդրազգային հանցավորության դեմ պայքարի ոլորտում համագործակցության հարցերը։

Քննչական կոմիտեի ղեկավարը նշել է, որ երկու երկրների քաղաքացիների վերաբերյալ քրեական վարույթների շրջանակում տեղեկատվության փոխանակումն ու քննչական հարցումների կատարումը դարձել է օպերատիվ։ Այս արդյունավետությունը, նրա խոսքով, հատկապես նկատելի է վերջին տարիներին՝ ՀՀ քննչական կոմիտեի և Իրանի դեսպանատան արդյունավետ համագործակցության շնորհիվ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարի ոլորտում կատարված համատեղ աշխատանքին։ Խալիլ Շիրղոլամին շնորհակալություն է հայտնել կառուցողական համագործակցության համար՝ կարևորելով, որ տարբեր քրեական վարույթներով՝ կեղծ թղթադրամների, արգելված դեղորայքների և այլ հանցագործությունների դեպքերով նախաքննությունը կատարվում է սեղմ ժամկետներում։

Արթուր Պողոսյանը նաև ընդգծել է, որ օտարերկրյա քաղաքացիների հետ կապված վարույթները գտնվում են նրա և ոլորտը համակարգող տեղակալի անմիջական հսկողության ներքո, ինչպես նաև իր հանձնարարականով դրանք քննվում են առավել սեղմ ժամկետներում։