Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից Երևանում Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելը հակաիրավական և անբարոյական քայլ է։ Այս մասին հայտարարել է Արցախի ԱԺ նախագահ, նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը։
Այս հարցը բարձրացել է այն բանից հետո, երբ փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել էր, որ վարչական դատարանը որոշել է անվավեր ճանաչել այդ շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքը։
Դանիելյանը նշել է, որ այդ շենքը արցախցիների համար պարզապես անշարժ գույք կամ տարածք չէ, այլ խորհրդանշում է ագրեսիայի և բռնազավթման ենթարկված Արցախի պետականությունը։ Նրա խոսքով՝ այն նվազագույն հնարավորություն է տալիս էթնիկ զտումների և ցեղասպանության ենթարկված արցախցիներին՝ միջազգային իրավունքի հիմնարար նորմերով սահմանված իրենց իրավունքների պաշտպանության նպատակով ջանքերի համատեղման և համակարգման համար։
«Այս հակահայ գործողությունները չեն կոտրելու մեր կամքը՝ պատերազմական և մարդկության դեմ կատարված հանցագործություններով ոտնահարված Արցախի ժողովրդի իրավունքները վերականգնելու, Արցախ վերադարձն ապահովելու և պետականության վերականգնման ուղղությամբ»,- ընդգծել է Աշոտ Դանիելյանը՝ հույս հայտնելով, որ Հայաստանում և սփյուռքում գտնվող հաստատություններն ու հայրենակիցները, որոնք մտահոգված են Արցախի ճակատագրով, կկարձագանքեն այս իրադարձությանը՝ բողոքի ձայն բարձրացնելով։
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին հայտնի դարձավ, որ Արցախի կառավարության սեփականությունը փոխանցվել է ՀՀ կառավարության տնօրինմանը։ Այս քայլը հնարավոր դարձրել էին օրենսդրական փոփոխությունները, որոնք թույլ էին տալիս ԼՂ-ում գրանցված կազմակերպություններին վերագրանցվել ՀՀ-ում՝ իրենց գործունեությունը շարունակելու համար։
Այս տարվա հուլիսին ՀՀ դատախազությունը պահանջել էր անվավեր ճանաչել Արցախի մշտական ներկայացուցչության շենքի նկատմամբ սեփականության իրավունքը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չի կարող թույլ տալ, որ ՀՀ տարածքում երկրորդ պետություն լինի։