ԵԱՏՄ ղեկավարները հարգում են հայ ժողովրդի ընտրությունը

ԵԱՏՄ անդամ պետությունները չեն ցանկանում, որ Հայաստանը դուրս գա Եվրասիական միությունից։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Բելառուսի առաջնորդը նշել է, որ ԵԱՏՄ չորս երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Ղազախստանի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել Հայաստանի վերաբերյալ։

«Մենք բոլորս փաստել ենք, որ չենք ցանկանում` Հայաստանը դուրս գա մեր Եվրասիական միությունից։ Վլադիմիր Վլադիմիրովիչը (Ռուսաստանի նախագահ Պուտինը) ելույթի ժամանակ հայտարարել է` մենք հարգում ենք Հայաստանի ընտրությունը», – ասել է Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահն ընդգծել է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները հարգում են հայ ժողովրդի կամքը։

«Եթե ժողովուրդը նման որոշում կայացնի և համաձայնություն տա ԵԱՏՄ-ից դուրս գալուն և մի օր Եվրոպական միությանը միանալուն, մենք չենք կարող դեմ գնալ հայ ժողովրդի կամքին», – նշել է նա։

Լուկաշենկոն հավելել է, որ ՌԴ նախագահը խոստացել է այդ մասին մանրամասն զեկուցել ամբողջ միջազգային հանրությանը, ով կցանկանա դա լսել։

«Նա կրկին մանրամասն կպատմի. Ռուսաստանի մասնագետները նրա համար պատրաստել են այդ տեղեկությունը, թե ինչ է նշանակում հրաժարվել Եվրասիական միությունից, որում այսօր գտնվում է Հայաստանը, և միանալ Եվրոպական միությանը», – ասել է Բելառուսի առաջնորդը։

Նա նաև նշել է, որ Հայաստանը պետք է հիշի ԵՄ-ին միանալու երկար ժամկետների մասին։

«Հաշվի առնելով Ուկրաինան, որը վաղուց է ցանկանում դա, է՛լ ավելի կարևոր է՝ հաշվի առնելով Թուրքիան, որը կարծես 25 կամ 30 տարի է սպասում Եվրոպական միությանը միանալու իր հերթին», – նշել է Լուկաշենկոն։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և այդ հարցը որոշելու է ժողովուրդը։