Հայաստանը Եվրամիության հետ հարաբերությունների խորացման ճանապարհով վաղ թե ուշ կհայտնվի իրավիճակում, երբ իր ընդունած նորմերը կհակասեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կանոններին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Երևանը, շարժվելով դեպի Եվրամիություն, ինչը Հայաստանի բացարձակ ինքնիշխան իրավունքն է, չի կարող և չպետք է դա անի ԵԱՏՄ երկրների ֆինանսների հաշվին։ Նա ընդգծել է, որ այս գործընթացը պետք է իրականացվի երկրի սեփական միջոցներով։
«Ամեն ինչ շատ պարզ է։ Այստեղ որևէ թերասացություն չկա։ Ամեն ինչ բացարձակապես հասկանալի է, թափանցիկ և հստակ»,- նշել է Պեսկովը՝ մեկնաբանելով ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցը։
Կրեմլի ներկայացուցիչը նաև հավելել է, որ Երևանը հեռանկարում ստիպված կլինի կողմնորոշվել ինտեգրման հետագա ձևաչափի հարցում։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ երկիրը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, սակայն միևնույն ժամանակ նշել էր, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը կորոշի ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը։