«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի դեմ։
Հայցի հիմքում ընկած է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչական տեսանյութի մեջ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի վերաբերյալ տարածված տեղեկատվությունը, որը նա իր կողմից զրպարտություն է համարում։
Հայցի պահանջում նշված է, որ Հանրային հեռուստաընկերության կողմից հրապարակված տեսանյութում Սամվել Կարապետյանի մասին հնչեցված արտահայտությունները՝ «օլիգարխ», «պատերազմի եռագլուխ կուսակցություն կազմելու», «ժողովրդին խաբելու», «վախեցնելու», «իշխանության գալու համար ձայներ գնելու», «պատերազմ հրահրելու», «Հայաստանի անկախությունը վերացնելու», «օտարերկրյա լրտես հանդիսանալու» և այլն, ամբողջությամբ սուտ են և չեն համապատասխանում իրականությանը։
Սամվել Կարապետյանը պահանջում է, որ պատասխանող կողմերը՝ «Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, դատական ակտը օրինական ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում հրապարակայնորեն հերքեն իր վերաբերյալ տարածված այս զրպարտչական բնույթի տվյալները։ Բացի այդ, նա պահանջում է պարտավորեցնել պատասխանողներին հրապարակայնորեն ներողություն խնդրել իր արժանապատվությունն ու բարի համբավը վիրավորական արտահայտություններով արատավորելու համար։
Սա Սամվել Կարապետյանի երրորդ դատական հայցն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեմ։ Նախորդ հայցերը ներկայացվել էին 2025 թվականի նոյեմբերին և հուլիսին՝ կապված «civic.am» լրատվական կայքում հրապարակված զրպարտությունների հետ։ 2025 թվականի նոյեմբերի հայցի համաձայն՝ պահանջվում էր հերքել «Սամվել Կարապետյանն ակտիվորեն կկաշառի մարդկանց» վերնագրով տեղեկությունը և ներողություն խնդրել՝ 6 միլիոն դրամ փոխհատուցում տեղադրելով։ 2025 թվականի հուլիսի հայցում պահանջվում էր հրապարակել դատարանի վճռի եզրափակիչ մասը, հերքել զրպարտությունը և 9 միլիոն դրամ փոխհատուցում տեղադրել։