Հայաստանի անվտանգության հիմնական խնդիրը քաղաքական բնույթ է կրում, ոչ թե զինատեսակների աղբյուրը

Իմ դիտարկմամբ, Հայաստանի պետականության անվտանգության հիմնական խնդիրը ոչ թե այն է, թե որ երկրից ինչ զինատեսակ ենք գնում, այլ այն, թե որքանով է մեր արտաքին քաղաքականությունը թույլ տալիս կանխել հնարավոր հարձակումը մինչև դրա իրականացումը։ Այս հարցում առավելություն ունենալը, ցավոք, Ադրբեջանինն է, և այս պարագայում զինատեսակների աղբյուրը երկրորդական է։

Անվտանգության հիմքում ընկած է քաղաքական հավասարակշռությունը։ Պետք է հասկանալ, թե արդյոք մենք գտնվում ենք որևէ հզոր պետության «վահանի» ներքո, թե ոչ։ Հիշենք Հյուսիսային Կորեայի օրինակը, որը միջուկային տերություն լինելով պայմանագիր կնքեց Ռուսաստանի հետ՝ մտնելով նրա միջուկային հովանոցի տակ։

Հայաստանին պետք է պաշտպանունակ բանակ, սակայն «պաշտպանունակ» բանակի հասկացությունը պետք է հստակորեն սահմանված լինի։ Բանակի գնահատման չափորոշիչները չեն կարող լինել որևէ մեկի հորինած որոշիչներ։ Կա մարտունակության հասկացություն, որը հստակ չափանիշներ ունի, որոնք ստուգվում են զորավարժությունների ժամանակ։

Հակառակորդի հնարավոր հարձակման դեպքում բանակը պետք է ոչ միայն պաշտպանվի, այլև կանխարգելիչ գործողություն իրականացնի՝ հարձակումը կասեցնելու համար։ Կանխարգելիչ հարձակումը, որը կիրառվում է, երբ 100 %-ով հայտնի է հարձակման ժամանակը, միջազգային իրավունքի համաձայն հարձակում է, ոչ թե պաշտպանություն։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթերին, ապա դրանք, իմ կարծիքով, ավելի շուտ կենտրոնացած են հանքանյութերի և հազվագյուտ մետաղների վերամշակման տեխնոլոգիաների ներդրումների խրախուսման և մատակարարման շղթաների բազմազանեցման վրա, քան Հայաստանի անվտանգության երաշխավորման վրա։ ԱՄՆ-ի շահերը, ցավոք, հաճախ չեն համընկնում մեր երկրի անվտանգության շահերի հետ։

Այսպիսով, Հայաստանի համար անվտանգության թիվ մեկ խնդիրը Ադրբեջանի հնարավոր հարձակումը կանխելն է, և դա հասելու միակ ճանապարհը քաղաքական հավասարակշռության և հզոր պետությունների հետ կապերի հիմնավոր կառուցումն է։