ՀՀ վարչապետը շնորհավորել է Վրաստանի վարչապետին Պետական անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հղել է շնորհավորական ուղերձ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ Պետական անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։

Ուղերձում նշվում է, որ Հայաստանի կառավարության արտաքին քաղաքականության հիմնարար նպատակներից մեկը Վրաստանի հետ հարաբերությունների ամրապնդումն է։ Այս հարաբերությունները, որոնք հիմնված են եղբայրական կապերի վրա, ներկայում ունեն ռազմավարական գործընկերության բնույթ։

Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Վրաստանի կառավարության և անձամբ Իրակլի Կոբախիձեի ջանքերը, որոնք ուղղված են տարածաշրջանային փոխգործակցության զարգացմանը։

Վարչապետը մաղթել է Իրակլի Կոբախիձեին արդյունավետ գործունեություն, իսկ Վրաստանին՝ խաղաղություն և անընդհատ բարգավաճում։

Հիշեցնենք, որ մարտի 3-4-ը Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել էր Վրաստան, որտեղ տեղի էր ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը։ Այդ ընթացքում տեղի էր ունեցել նաև երկու երկրների վարչապետների միջև առանձնազրույց։