Ադրբեջանը կստեղծի գաղտնի համակարգ՝ անհետ կորածների տեղեկատվության փոխանակման համար

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆատ Հասանովը հայտնել է, որ երկու երկրի քաղաքացիներին կտրամադրվի հնարավորություն՝ գաղտնի կերպով փոխանցել տեղեկություններ անհետ կորած անձանց և հուղարկավորության վայրերի մասին։ Այս մասին նա հայտնել է Բաքվում կայացած համաժողովի ընթացքում։

Համակարգը, որը մշակվել է Անհետ կորած անձանց միջազգային հանձնաժողովի (ICMP) կողմից, նախատեսված է բացառապես մարդասիրական նպատակներով։ Տեղեկություն տրամադրած անձանց ապահովված կլինի ցանկացած պատասխանատվությունից։ Նպատակն է աջակցել անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու գործընթացին։

Հասանովը նաև նշել է, որ որոշ բարձրաստիճան հայ զինվորականներ լրատվամիջոցներին հայտնել են, թե տեղեկություններ ունեն անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների թաղման վայրերի մասին, սակայն այդ տեղեկությունները մինչ օրս ադրբեջանական կողմին չեն փոխանցվել։ Նա այս իրավիճակը որակել է որպես «սպառնալիք միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին»։

Պետական անվտանգության ծառայության պետի տեղակալը հիշեցրել է, որ բանակցությունների ընթացքում ադրբեջանական կողմը հայտնել է անհետ կորածների ճակատագիրը պարզելու համար տեղեկություններ փոխանակելու իր պատրաստակամությունը և Հայաստանին է տրամադրել համապատասխան ցուցակներ և տեղեկություններ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորածների մասին։

Նրա խոսքով՝ հայկական կողմը հայտնել է, որ կուսումնասիրի ներկայացված նյութերը և ադրբեջանական կողմին կտրամադրի համապատասխան տեղեկություն, սակայն մինչ օրս այդ պարտավորությունը չի կատարվել։

Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով՝ 1988 թվականից 2005 թվականներն ընկած ժամանակահատվածում հայկական կողմից անհետ կորել է 437 մարդ, որոնցից 224-ը զինծառայող են, իսկ 213-ը՝ խաղաղ բնակիչ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած է համարվում 191 մարդ։ 2023 թվականի սեպտեմբերին՝ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո, Ստեփանակերտի նավթամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո անհետ կորած է համարվում 22 մարդ։