Պատճառը ենթադրաբար գազի արտահոսքն է. նախարարը` Սուրենավանում 4 կյանք խլած հրդեհի մասին

Երևան–Երասխ ճանապարհին, Արարատի մարզի Սուրենավան գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած ավտոմեքենայի հրդեհի պատճառը, նախնական տեղեկությունների համաձայն, եղել է գազի արտահոսքը։ Այս մասին այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ կայացած ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

«Մենք ունենք որոշակի ապացույցներ, որոնք վկայում են, որ հենց դա է եղել հրդեհի պատճառը։ Մենք կսպասենք փորձաքննության պաշտոնական արդյունքներին, որից հետո կկարողանանք կատարել վստահ եզրահանգումներ։ Սակայն կարող եմ վստահությամբ ասել, որ սպանության հետ գործ չունենք»,– նշեց նախարարը։

Հիշեցնենք, որ հունիսի 29-ին, ժամը 04։50-ի սահմաններում, Սուրենավան գյուղի մոտ հրդեհ էր բռնկվել «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենայում։ Հրշեջ–փրկարարների ջանքերով կրակը մարվել է, սակայն տեղում հայտնաբերվել է 4 քաղաքացու կիսամոխրացած մարմին։