Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ եթե ընտրվի Ազգային ժողովի նախագահի պաշտոնին, ապա չի շարունակի լինել Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։
Այս մասին նա հայտարարեց ԱԺ-ում լրագրողների հետ կատարած զրույցի ընթացքում։ Նրա խոսքով՝ այդ որոշումը կնպաստի ընդդիմության կողմից առաջացած որոշակի կասկածների կամ կոնսպիրացիայի վերացմանը։
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում Ռուբեն Ռուբինյանը հունիսի 25-ին ընտրվել է ԱԺ նախագահի թեկնածու։
Ավելի վաղ, ԱԺ խոսնակի թեկնածու ընտրվելու օրը, Ռուբինյանը հայտնել էր, որ դեռ չի որոշել, թե կշարունակի՞ լինել բանագնաց, թե՞ ոչ։
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը փակ է 1993 թվականից։ Երկու երկրները 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին հարաբերությունների կարգավորման հարցով բանակցությունների վերսկսման մասին և երկուստեք նշանակեցին հատուկ ներկայացուցիչներ՝ Ռուբեն Ռուբինյանին և Սերդար Քըլըչին։