ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների առաջարկած փոփոխությունը։
Նոր խմբագրությամբ նախատեսվում է, որ եթե ԱԺ-ի նախագահի տեղակալի կամ մշտական հանձնաժողովների նախագահի պաշտոնների համար թեկնածուներ չեն առաջադրվում, ապա խորհրդարանը չի դադարեցնի աշխատանքը։ Փոխարենը ԱԺ անցնում է օրակարգի հաջորդ հարցի քննարկմանը՝ միաժամանակ պահպանելով տվյալ խմբակցության իրավունքը՝ հաջորդ քառօրյա նիստում թեկնածու առաջադրելու համար։
Այս փոփոխությունը կանխում է նմանատիպ իրավիճակներում խորհրդարանի աշխատանքի կանգառը։ Ըստ նախկին կարգավորման՝ ԱԺ-ն չէր կարող անցնել օրակարգի հաջորդ հարցերին, մինչև բոլոր նշված պաշտոնները համալրվեին, ինչը հանգեցնում էր ամենօրյա նիստերի անցկացմանը։
Հիշեցնենք, որ դեռևս գործող խորհրդարանում 2022 թվականի հուլիսի 1-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրվեց արտահերթ նիստ, որի ընթացքում 66 կողմ ձայնով որոշվեց հետ կանչել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից՝ անհարգելի բացակայությունների և պարտականությունները չկատարելու պատճառով։ Ընդդիմադիր խմբակցությունը այդ ժամանակ նոր թեկնածու չառաջադրեց։