Վանաձորի գազալցակայանում պայթյունի հետևանքով մեկ մարդ է տուժել

Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի երկու գազալցակայաններից մեկում այսօր, հուլիսի 3-ին, տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով մեկ անձ է տուժել։

ՆԳՆ փրկարար ծառայության մարզային օպերատիվ կառավարման կենտրոնը ահազանգը ստացել է ժամը 17:07-ին։ Տեղի ունեցածի մասին տեղեկություն ստանալով՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի պահեստային մասում։ Տեղի ուժերով հրդեհը մարվել է, իսկ հրշեջ-փրկարարները կատարել են հովացման աշխատանքներ։