Հայաստանում խորհրդարանական ընտրություններից ընդամենը 11 օր առաջ, մայիսի 30-ին, ադրբեջանական կողմը կազմակերպում է միջազգային ֆորում՝ նվիրված «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» թեմային։ Այս միջոցառումը կկայանա Մեղրիին ամենամոտ ադրբեջանական բնակավայրում՝ Օրդուբադում։
Այս մասին հրատապ ասուլիսում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջատար Նարեկ Կարապետյանը՝ ներկայացնելով իրենց ձեռքն ընկած ադրբեջանական պաշտոնական փաստաթուղթ, որը մանրամասնում է այսպես կոչված «վերադարձի» ծրագիրը։
Ըստ Կարապետյանի՝ այս ծրագրի իրագործման շարժը սկսվել է 2023 թվականից։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարն այս գործընթացի համակարգողն է և գրեթե ամեն տարի անցկացնում է միջոցառումներ՝ նվիրված «վերադարձին»։
«Վերջին 4 ամիսն ամենաակտիվն է եղել, քանի որ մի շարք հայտարարություններ են արվել ամենաբարձր մակարդակով։ Ամեն ինչ սկսվեց Ադրբեջանի նախագահի հայտարարություններից՝ գիտությունների ակադեմիայի հետ հանդիպման ժամանակ, երբ նա ասաց՝ խաղաղությունից հետո «մենք պետք է վերադառնանք այնտեղ»։ Դրանից հետո սկսվեցին կրոնական առաջնորդների հայտարարությունները, իսկ Փաշազադեի տեղակալը խոսեց մզկիթների վերականգնման մասին։ Այս պահին Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, մենք տեսնում ենք, որ շեղվել են այս ուղղությամբ»,- նշեց Կարապետյանը։
Փաստաթղթի համաձայն՝ ադրբեջանցիներն ունեն երկարաժամկետ ծրագիր, որի համաձայն՝ «վերադարձող ադրբեջանցիները» Հայաստանում պետք է ունենան իրենց անվտանգային կառույցներ, նրանց համար պետք է ապահովվի ադրբեջաներեն ուսուցում և այլն։ Ծրագրի հիմնական պայմանը այն է, որ եթե Հայաստանը չթույլ տա 300 հազար ադրբեջանցիների վերաբնակում, ապա դա կդիտվի որպես ռասիզմ։
Կարապետյանը շեշտեց, որ սա ոչ թե մի քանի անհատների կողմից կայացված որոշում է, այլ պաշտոնական ծրագիր, որը ներկայացվել է ոչ միայն Ադրբեջանի Միլլի Մեջլիսում, այլև միջազգային հարթակներում՝ Բրյուսելում և ՄԱԿ-ում։
«Ադրբեջանն ինչ ուզել է, ՀՀ կառավարությունը դա իրենց տվել է»,- եզրափակեց Կարապետյանը՝ նկատելով, որ այս իրադարձությունները պետք է լայնորեն քննարկվեն հայկական հասարակության կողմից։