Հայաստանում վերջին շաբաթներին տեղի ունեցած իրադարձությունները, որոնք կապված են մեր երկրի միակ ցեմենտի գործարանի՝ «Արարատցեմենտի» հետ, առաջացնում են լուրջ մտահոգություն տնտեսական անվտանգության և երկրի շինարարական ոլորտի կայունության առումով։
Ինչպես հայտնի է դարձել, հուլիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեն իրականացրել է լայնածավալ խուզարկություններ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանն ու նրան պատկանող ձեռնարկություններում, այդ թվում՝ «Արարատցեմենտի» գործարանում։ Այս իրադարձությունների հետևանքով գործարանը մոտ չորս օր հարկադիր պարապուրդի է մատնվել։
Այս իրավիճակը կարող է ունենալ ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական հետևանքներ։ «Արարատցեմենտը» բացի իր մի քանի հարյուր մշտական աշխատակիցներից, նաև հազարավոր միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների հետ է համագործակցում, որոնք իրենց գոյությունը պահպանում են հենց գործարանի շնորհիվ։ Դրանք, իրենց հերթին, ստեղծում են աշխատատեղեր և ունեն մուլտիպլիկատիվ էֆեկտ տնտեսության մեջ։
Հայաստանում վերջին տարիներին իրականացվող լայնածավալ շինարարության համար շինարարական ընկերությունները հիմնականում օգտվում են տեղական արտադրության ցեմենտից և գոհ են դրա որակից։ Այս հանգամանքը վկայում է այն մասին, որ մեր երկրի տնտեսությունը կարող է ինքնուրույն ապահովել իրեն ցեմենտով, ինչը նվազեցնում է ներմուծման և դրա հետ կապված ռիսկերի վրա կախվածությունը։
Հիշեցնեմ, որ կառավարությունը տեղական արտադրողին աջակցելու և Իրանից ներկրվող էժան ու անորակ ցեմենտի ներմուծման ծավալները նվազեցնելու համար նույնիսկ ավելացրել է մաքսատուրքերը։ Այսօր տեղի ունեցող իրադարձությունները հակասում են այդ տրամաբանությանը և կարող են մեծ վնաս հասցնել տեղական արտադրությանը։
Եթե «Արարատցեմենտի» արտադրանքի որակը փոխվի, դա առաջինը կնկատեն շինարարները։ Բացի այդ, գործարանում խնդիրների դեպքում շուկայում կառաջանա ճգնաժամ, և մեր երկիրը կստիպվի դռները բացել Իրանից կամ Թուրքիայից ներմուծվող ցեմենտի դիմաց։
Այս համատեքստում պետականացման թեմային անդրադառնալիս պետք է հստակեցնել մի բան։ Պետականացումը պետք է լինի հիմնավորված, ըստ անհրաժեշտության։ Պետությունը պետք է ցույց տա, որ մասնավորը չի կարող կամ չի ցանկանում անել այն, ինչ պետությունը պետք է անի՝ ներդրումներ կատարի, տեխնոլոգիա փոխի, արտադրական հզորություններն ավելացնի։ Եթե այդ ամենը պետությունը չի անելու, ապա մնում է գոնե ցեմենտի որակական հատկանիշները պահպանի։
Պետական կառավարումը բիզնեսում միշտ չէ, որ լավագույն տարբերակն է։ Հիշենք ՀԷՑ-ի պետականացման փորձը։ Պետությունը կարող է լինել լավ կառավարիչ պետական ինստիտուտների, ռազմավարությունների առումով, բայց արտադրություններում պետական աշխատողների գիտելիքները, փորձառությունը կարող են չբավարարել, և պետական կառավարման համակարգը կարող է դժվարանալ ամենօրյա «գլխացավանքների»՝ հումքի, բաղադրիչների մատակարարման, արտադրական տեխնոլոգիաների ու վաճառքի հարցերում։
Հետևաբար, պետք է շատ զգույշ վերաբերվել և շատ խելամիտ վարվել նման կայացած արտադրական միավորման հետ, որը, բացի իր տնտեսական նշանակությունից, նաև հազարավոր մարդկանց ապրելքի ապահովման հարցում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված պետականացման ռազմավարության հիմքում։