Հակակոռուպցիոն քրեական դատարանը երկարացրել է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կալանքը։
Ինչպես հայտնի է, պաշտպանական կողմը դեռևս չի ստացել դատարանի որոշումը։ Նրա պաշտպան Հրանտ Անանյանը նախորդ դատական նիստում անարդար է համարել դատավոր Արամ Գրիգորյանի որոշումը՝ նշելով, որ 12 անդամից բաղկացած քննչական խումբը կիսատ է թողել իր գործողությունները, սակայն դատարանը բավարարել է միջնորդությունը։
Պաշտպանը նաև ընդգծել է, որ նախորդ նիստի ժամանակ նույն դատարանի մեկ այլ դատավոր մասնակի էր բավարարել նախաքննական մարմնի միջնորդությունը՝ հիմնավորելով, որ նման ծավալի գործի համար մեկ ամիսը բավարար ժամանակահատված է։ «Այսպիսով՝ Հակակոռուպցիոն դատարանը չի հարգել իր նախկին որոշումը», – նշել է Անանյանը։
Նա իր 3 ժամ տևած ճառում մանրամասն ներկայացրել է, թե ինչու է Գագիկ Բեգլարյանի կալանքի շարունակական և խիստ մեկուսացման մեջ պահելը անհիմն։
Ըստ օրենքի՝ կալանքի որոշումը հրապարակելուց հետո 3 ժամում պետք է տրամադրվի կողմերին, սակայն գրեթե 24 ժամ է անցել, և պաշտպանական կողմը դեռևս չի ստացել այդ փաստաթուղթը։
Հրանտ Անանյանը վստահեցրել է, որ որոշումը ստանալուց անմիջապես հետո դրա դեմ բողոք են ներկայացնելու վերաքննիչ դատարան։
Հիշեցնենք, որ Գագիկ Բեգլարյանը առաջին անգամ կալանավորվել էր հունիսի 5-ին։ Նրա դեմ հարուցվել է քրեական գործ՝ մեղադրական եզրահանգումներով պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։