Այսօր, խորհրդարանական ընտրությունների օրը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ իր կուսակցության աջակիցներից 50-ն առավոտյան բերման են ենթարկվել։
Ըստ Ծառուկյանի՝ այս գործողությունը նպատակ ունի խոչընդոտելու մարդկանց իրենց պարտականությունները կատարելուն։ Նա նշեց, որ նման ճնշումները ժողովրդի կամքը փոխելու միջոց չեն, քանի որ ժողովուրդը հոգնել է և ցանկանում է փոփոխություն։
«Իշխանությունը ինչքան էլ ճնշումներ գործադրի ընդդիմության վրա, մեկ է՝ պարտվելու է», – հստակեցրեց Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում ընտրողների ցուցակներում գրանցված 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացիներն իրենց ձայնը տալու իրավունք ունեն։ Ընտրություններին մասնակցում են 16 կուսակցություն և 2 դաշինք՝ ընդհանուր առմամբ 18 քաղաքական ուժ։