Վրաստանի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ գործակցությանը, հատկապես տարանցիկ հաղորդակցության ոլորտում։ Այս մասին հայտարարեց վարչապետ Իրակլի Կոբախիձեն Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթուղային գծի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում։
«Երբ խոսում ենք Վրաստանի կապող գործառույթի զարգացման մասին, մեր ուշադրության կենտրոնում է Հայաստանը։ Մենք պատրաստ ենք առավելագույնս խորացնել մեր համագործակցությունը և գործընկերությունը հայ բարեկամների հետ, այդ թվում՝ տարանցիկ հաղորդակցության զարգացման գործում։ Մեր կողմից այդ հարցում կլինի առավելագույն ակտիվություն», – նշեց վարչապետը։
Պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է Հայաստանի ընդգրկումը Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծում, Իրակլի Կոբախիձեն հաստատեց, որ դա տեխնիկապես հնարավոր է։
Հիշեցնենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին «Միջին միջանցքի» (Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղի) առանցքային բաղադրիչներից մեկն է։ Գծի շահագործման արդյունքում նախագծի տարեկան թողունակությունը կավելանա մինչև 5 մլն տոննա։
Վրաստանի էկոնոմիկայի նախարարության տեղեկացմամբ՝ արդիականացման արդյունքում գծի թողունակությունը արդեն ավելացել է մինչև 5 մլն տոննա։ Ծրագրի շրջանակում վերանորոգվել և վերակառուցվել է գործող երկաթուղային ցանցի 153 կմ հատվածը, ինչպես նաև կառուցվել է 27 կմ երկարությամբ նոր երկաթուղային գիծ։