Հայաստանի գյուղատնտեսությունը կրում է ծանր հարված՝ Ռուսաստանի սահմանափակումների պատճառով

Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում գործող 320 000 գյուղացիական տնտեսությունների մեծ մասը կախված է արտահանման շուկայից, և այս կախվածությունը հիմա կրում է ծանր հարված՝ Ռուսաստանի կողմից սահմանված սահմանափակումների հետևանքով։ Այս մասին ասաց տնտեսագիտության թեկնածու, գյուղատնտեսության փորձագետ Վարդան Ալեքսանյանը։

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության կողմից մայիսի 30-ից սահմանափակվել են Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներկրումը, իսկ մայիսի 22-ից ժամանակավորապես սահմանափակվել են նաև ծաղիկների ներկրումը։ Այս քայլերը, իմ կարծիքով, ոչ միայն կարճաժամկետ, այլև միջնաժամկետ հեռանկարում կանխում են ալկոհոլային խմիչքների և պտուղ-բանջարեղենի արտահանման դիվերսիֆիկացումը դեպի Եվրամիություն։

ԵՄ շուկան երբևիցե չի կարող փոխարինել Ռուսաստանի Դաշնության շուկային։ Խնդիրը ոչ միայն արտահանման, այլև ներկրման հետ է կապված։ Մենք կկանգնենք դեպի Եվրամիության շուկա կողմնորոշվելու անորոշ ապագայի առաջ։

Բացի լոգիստիկ խնդիրներից, մեր երկիրը կունենա նաև ապրանքատեսակների իրացման խնդիրներ ԵՄ շուկաներում։ Եվրոպական շուկաներում իտալական գինին վաճառվում է 3-4 եվրոյով, մինչդեռ հայկական արտադրողները, լոգիստիկ ծախսերի և կապուղիների հետ կապված խնդիրների պատճառով, չեն կարող մրցակցել ռումինական, մոլդովական կամ իսպանական գինիների հետ։

Առավել մեծ խնդիրը թարմ գյուղմթերքի արտահանման հարցում է, որը տրանսպորտային երկար ուղու պատճառով կկորցնի իր ապրանքային տեսքն ու որակը։ Հետևաբար, ՌԴ սահմանափակումներից ամենաշատը տուժելու են ֆերմերները, որոնց պտուղ-բանջարեղենի արտադրության և արտահանման սեզոնը հենց այս պահին բացվել է։

Պարզապես կոլապս է լինելու։ Անգամ մեկ տարով մատակարարման շղթաների խաթարումը կարող է սոցիալ-հոգեբանական շատ լուրջ խնդիր առաջացնել։ Մեր գյուղացիական տնտեսությունները դժվարությամբ են ստանում բերքը, և հիմա ստացվում է, որ նրանց եկամտի աղբյուրը ամբողջովին զրոյանում է։

Այլընտրանքային շուկաների հարցը ևս շատ մշուշոտ է, քանի որ ավիաբեռնափոխադրումները ևս ծախսատար են, իսկ ներքին սպառման շուկան չի կարող կրել այդքան մեծ ծավալի արտադրանք։