Հայաստանի Սահմանադրական դատարանը, փաստացի, աջակցելով գործող վարչախմբին, կատարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգը՝ հափշտակելով Ազգային ժողովի մանդատների ⅗–րդը և իրականացնելով ժողովրդի իշխանության բռնազավթումը։ Այս մասին հայտարարում է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը։
Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիր կուսակցությունների դիմումները՝ թույլ տալով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից կայացված հակասահմանադրական որոշումը, որով երեք տեղամասերում ընտրությունների արդյունքները անվավեր էին ճանաչվել, մնա ուժի մեջ։ Այս գործողությունը, որը կատարվել է ՍԴ-ի ամբողջ կազմի կողմից, որի անդամներն ակնհայտորեն նշանակված են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից, ստեղծում է կանխամտածված հանցագործության տպավորություն։
Մենք հստակ հայտարարում ենք, որ Սահմանադրական դատարանը, տուրք տալով աշխարհաքաղաքական ազդեցություններին և դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումը։ Սա հարված է Հայաստանի պետականության հիմքերին, քանի որ լրջագույն կասկածի տակ է դրվում ընտրությունների ինստիտուտը՝ որպես ժողովրդի իշխանությունը ձևավորելու և իրացնելու միակ օրինական միջոց։
Սահմանադրական դատարանի այս որոշումը դարձավ վարչախմբի կողմից իշխանության բռնազավթման գործընթացի վերջին օղակը։ «ՀայաՔվեն» խստիվ դատապարտում է ժողովրդի իշխանության ուզուրպացիայի այս դրսևորումը և հայտարարում, որ շարունակելու է պայքարել երկրում սահմանադրականության վերականգնման և Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտրական իրավունքի պաշտպանության համար։ Այս հանցագործությանը մասնակից բոլոր պաշտոնյաները վաղ թե ուշ անհատական պատասխանատվություն են կրելու օրենքի ամենայն խստությամբ։