Հայաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է Հայաստանի զինված ուժերի (ՀՀ ԶՈՒ) նոր զինանշանի ընդունման մասին։ Այս փոփոխությունը կատարվում է որպես բանակի ընդհանուր կերպափոխման և արդիականացման մաս։
Նախարարության հրապարակած տեղեկատվության համաձայն՝ 2001 թվականին հաստատված նախկին զինանշանը պարունակում էր մի շարք էական թերություններ, որոնք, ըստ զինանշանագիտական (հերալդիկ) տեսանկյունի, հակասում էին բանակի բուն էությանը։
«Նախկին զինանշանի հիմնական կերպարը՝ արծիվը, ունի հերալդիկ և գեղագիտական էական թերություններ։ Արծիվը պատկերված էր փակ կտուցով, ինչը հերալդիկայում համարվում է հանգիստ, ոչ մարտական վիճակ։ Բացակայում էր արծվի հիմնական մարմինը՝ իրանը, ինչպես նաև վերջույթները և ճանկերը, ինչը ստեղծում էր անդամահատված, անզոր խոցելի էակի տեսք», – նշում են Պաշտպանության նախարարությունում։
Ավելի լուրջ խորհրդաբանական սխալ էր համարվել նաև սուրի տեղադրումը վահանի հետևում, ինչը հերալդիկայում նշանակում է պաշտպանությանը պատրաստ չլինել։ Պետականության խորհրդանիշի սխալ մեկնաբանության վտանգը ստեղծում էր նաև պետական դրոշի պատկերումը առանձին ժապավեններով, ինչը կարող էր մեկնաբանվել որպես պառակտված կամ ոչ ամբողջական պետականություն։
Նոր զինանշանի խորհրդաբանությունը
ՀՀ ԶՈՒ նոր խորհրդանիշը վերաիմաստավորված է՝ հանուն մարտական ոգու, զգոնության և պետականության խորհրդանիշ լինելու։
Կենդանի և լիակատար արծիվ: Նոր զինանշանում արծիվն ունի ամբողջական մարմնավորում՝ հստակ երևացող գլխով, մարմնով, թևերով և ճանկերով։ Արծվի կտուցը բաց է, ինչը խորհրդանշում է կենսունակություն, պատրաստակամություն և զգոնություն։
Ոսկեգույն արև և վահան: Արծվի թիկունքում շողում է ոսկեգույն արևը՝ որպես լույսի, հարատևման և բարեկեցության խորհրդանիշ։ Արծվի կրծքին տեղադրված է կլոր ոսկեգույն վահան՝ զարդարված հայկական ութաթև արևախաչով, որի կենտրոնում պատկերված սերմնահատիկը մարմնավորում է ապագա զինվորներին։
Պատմական զենքեր ճանկերում: Ի տարբերություն նախկին տարբերակի՝ արծիվն իր ճանկերում բռնել է զենքեր։ Ձախում՝ ոսկեգույն սուր, որը խորհրդանշում է մշտապես պատրաստ կարգավիճակը, իսկ աջում՝ հայ զինվորականության թալիսման համարվող Աշոտ Երկաթի Սուրբ խաչը։
Պետականության տարրեր: Զինանշանի վերին հատվածում պատկերված են Հայաստանի պետական դրոշի եռագույնն ու ՀՀ քարտեզը, ինչը, ըստ ՊՆ-ի, կապում է բանակին պետության հետ՝ ընդգծելով նրա դերը որպես անվտանգության գլխավոր երաշխավոր։
ՀՀ ԶՈՒ նոր զինանշանը հաստատվել է 2001 թվականի հունվարի 23-ին ՀՀ նախագահ, զինված ուժերի գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Փոփոխության համար Ազգային ժողովի հաստատումը պետք չէ, քանի որ ՀՀ ԶՈՒ զինանշանը առանձին պետական խորհրդանիշ չէ։