Ծաղիկ աճացնողները զգուշացնում են՝ ԵՄ շուկաները կարող են փակվել

ՀՀ կառավարության կողմից հրապարակային հայտարարությունների հետ կապված, որոնք վերաբերում են ծաղիկների արտահանմանը, ծաղիկ աճացնողների մի խումբ սպառնալիքներ է ստացել իշխանական օղակներից։

Ինչպես հայտնի է, Ռուսաստանը մայիսի 22-ին սահմանափակել է ծաղիկների ներմուծումը։ ՀՀ կառավարության վերջին նիստի ժամանակ նախարար Պապոյանը հայտնել էր, որ հունիսի 1-17-ը Հայաստանից արտահանվել է 411 տոննա ջերմատնային բանջարեղեն, ելակ, շուրջ 1,8 միլիոն հատ և 17 տոննա ծաղիկ՝ Վրաստան, Ուզբեկստան, ԱՄԷ, Իրան, Ուկրաինա, Բուլղարիա, Կիպրոս, Լատվիա, Ռումինիա, Չեխիա, Ավստրիա, Նիդեռլանդներ, Ֆրանսիա, Բելառուս և Ղազախստան։ Ռուսաստանը, սակայն, այդ ցանկում չէր։

Իմ զրուցակցի խոսքով՝ ծաղիկ աճացնողներին փոխանցվել է, որ եթե նրանք հրապարակայնորեն դժգոհություն արտահայտեն, հարցազրույցներ տան կամ հայտարարեն, թե եվրոպական շուկան չի կարող փոխարինել ռուսական շուկային, ապա եվրոպական շուկան արտահանման համար կարող է փակվել նրանց։

«Սա է պատճառը, որ որոշ ջերմոցատերեր ստում են՝ պնդելով, թե կարողացել են ծաղիկն արտահանել Եվրոպա, թե ամեն ինչ լավ է։ Նման պնդումներ անողները, սակայն, չեն նշում, թե խոսքը ինչ քանակի ծաղկի մասին է, քանի որ իրականում որևէ խոշոր արտահանում դեռ տեղի չի ունեցել։ Փոխարենը՝ ուղարկվել են միայն փորձանմուշներ մի քանի երկիր։ Զրուցակիցը նաև նշել է, որ տևական ժամանակ հույսով սպասել են, որ ծաղիկն արտահանելու են ԵՄ շուկա, սակայն արդեն իրենց համբերության բաժակը լցվել է և լռել չեն պատրաստվում, քանի որ հասկացել են՝ իրենց խաբում են»,– ասում է իմ զրուցակիցը։

Հարկ է նշել, որ 2024 թվականին ՀՀ-ից ՌԴ արտահանվել է 36 մլն դոլար արժողությամբ ծաղիկ, իսկ 2025 թվականին՝ արդեն 53,6 մլն դոլար։ Ընդ որում, աճել է ոչ միայն արտահանվող ծաղիկների ծավալը, այլև դրանց արժեքը։ 2024 թվականին ծաղկի 1 տոննայի միջին արժեքը կազմել է 3031 դոլար, իսկ 2025 թվականին՝ 5418 դոլար։

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել 2026 թվականի հունիս ամսվա ընթացքում արտահանված ջերմատնային արտադրության թարմ պտուղ-բանջարեղեն և ծաղիկներ արտահանող տնտեսվարողներին փոխհատուցում տրամադրել։