Հայկական ատոմակայանի ներդրումային ծրագրի արժեքը կկազմի 4 մլրդ դրամ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի 2026 թվականի ներդրումային ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է 4 մլրդ 183 մլն 900 հազար դրամ։

Համաձայն որոշման՝ ներդրումների արդյունքում շահագործման հանձնված հիմնական միջոցների մաշվածությունը կհաշվարկվի գծային եղանակով՝ տարեկան 10 տոկոս մաշվածության նորմայով։ Այս որոշումը մտնում է ուժի մեջ «Հայկական ատոմային էլեկտրակայանին» օրենքով սահմանված կարգով տեղեկացնելու օրվան հաջորդող օրվանից։

Կայանի վերանորոգման աշխատանքների ընթացքը

ՀԱԷԿ-ի տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը նիստից հետո տեղեկացրեց կայանի վերանորոգման աշխատանքների ընթացքի մասին։

Նրա խոսքով՝ ատոմակայանի հովացման աշտարակների վերանորոգման աշխատանքները ավարտին են հասցվել։ Կապալառու՝ հայկական «Էմ գրուպ» ընկերությանը, մնացել է մոտ 50 մլն դրամի ապրանք ներկրել։

Ավելի լուրջ վերանորոգման աշխատանքներն իրականացվում են պատասխանատու սպառիչների հովացման համակարգում։ Այս աշխատանքները, որոնք մեկնարկել են ապրիլից, իրականացվում են մրցութային գործընթացի շրջանակում՝ «Ռոսատոմ» պետկորպորացիայի կազմում գտնվող «Ռոսատոմ սերվիս» ընկերության կողմից։ Աշխատանքներն ընդգրկում են դեմոնտաժի և զուգահեռ մոնտաժի գործընթացներ։

Ռեակտորի իրանից հանված նմուշների վերլուծություն

Էդուարդ Մարտիրոսյանը նաև անդրադարձավ ռեակտորի իրանից հանված մետաղի նմուշների վերլուծության հարցին։ Նրա տեղեկացմամբ՝ առաջին խմբաքանակը 2025 թվականին արդեն ուղարկվել է Ռուսաստան։ Երկրորդ խմբաքանակը հանվել է ռեակտորի իրանից, տեղավորվել հատուկ կոնտեյների մեջ և առաջիկա օրերին կուղարկվի ՌԴ՝ որոշելու պաշարը և իրականացնելու ռեակտորի իրանի ամրության հաշվարկները։

«Առաջին խմբաքանակի նախնական պատասխանը դրական էր, որ թրծումն իր էֆեկտիվությունը տվել է»,– նշեց նա՝ հավելելով, որ, ըստ կոնկրետացված տվյալների, մինչև 2039 թվականը ռեակտորի իրանը կարող է աշխատել։

Պահեստարանի կառուցում և կայանի շահագործման ժամկետ

ՀԱԷԿ-ի տնօրենը տեղեկացրեց, որ ատոմակայանի պահեստարանի 4-րդ բլոկի կառուցումն այս տարի պետք է ավարտվի։ Նախագծողը ֆրանսիական ընկերություն է, որը նաև կիրականացնի հսկողությունը։

Հիշեցնենք, որ Հայկական ԱԷԿ-ն ապահովում է Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության մոտ մեկ երրորդը։ Կայանի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին։ Մեծամորի ԱԷԿ-ն չի վնասվել Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ։

Ի սկզբանե որպես կայանի շահագործման վերջնաժամկետ սահմանվել էր 2016 թվականը, սակայն «Ռոսատոմ» պետկորպորացիայի մասնագետների մասնակցությամբ այն երկարաձգվել է մինչև 2026 թվականը։ 2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ սերվիսը» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն շրջանակային պայմանագիր են կնքել կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելուն ուղղված միջոցառումների համալիրի իրականացման վերաբերյալ։