Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հասել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի նամակ, որում Մոսկվան նախազգուշացնում է Երևանին՝ հնարավոր հետևանքների մասին։
Ըստ նամակի՝ Ռուսաստանը կարող է միակողմանի կասեցնել կամ չեղյալ հայտարարել 2013 թվականի դեկտեմբերին ստորագրված բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարման մասին համաձայնագիրը, եթե Հայաստան շարունակի իր ճանապարհը դեպի Եվրոպական միության (ԵՄ) անդամակցություն։
Ցիվիլևը նշում է, որ Երևանի կողմից ընտրված ուղին, որը նպատակ ունի ԵՄ անդամակցելը, վտանգում է երկու երկրների միջև առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հիմնարար բարձր մակարդակի պահպանումն ու զարգացումը։ Նրա կարծիքով՝ այս գործընթացը հակասում է տասնամյակների ընթացքում երկու երկրների միջև կառուցված փոխշահավետ գործընկերության բնույթին, որը հիմնված է հարգանքի և փոխադարձ շահերի վրա։
Ռուսաստանի կողմից ընդգծվում է, որ երկրի կառավարությունը բազմիցս ձեռնարկել է գործողություններ՝ ուղղված Հայաստանի կարևորագույն կարիքները արտոնյալ հիմունքներով ապահովելուն։
Համաձայնագրի պայմաններով՝ Ռուսաստանն անժամկետ չեղարկել է Հայաստան նավթամթերքի, գազի և ադամանդի արտահանման մաքսատուրքերը։ Այս քայլը կատարվել էր Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամակցության շրջանակում։ Մոսկվան համաձայնագրի շրջանակում Երևանին նավթամթերք և գազ է մատակարարում ներքին սպառման ծավալներով, որոնք սահմանված են ինդիկատիվ հաշվեկշիռներով։
Փաստաթղթում նաև նշվում է, որ համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում կողմերից որևէ մեկի նախաձեռնությամբ շարունակում են գործել Հայաստանի պարտավորությունները Ռուսաստանին փոխհատուցումներ վճարելու կամ չվճարված գումարները՝ որպես ՌԴ–ի պետական պարտք ճանաչելու վերաբերյալ՝ մինչև դրանց ամբողջական կատարումը։
Ավելի վաղ նման մտահոգություն էր հայտնել նաև Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ նշելով, որ Երևանի կողմից ընդունված որոշումները, որոնք կապված են ԵՄ անդամակցության հետ, մտահոգություն են առաջացնում ԵԱՏՄ երկրների համար։